Աղբյուր․ «Հայնտի է դարձել, թե որ ակումբն է կանգնած ԱՊԼ-ի թոփ-10 ակումբների CAS դիմելու գաղափարի հետևում»
Ինչպես տեղեկացնում է Mirror-ը, «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը գրեթե վստահ է, որ ԱՊԼ-ի թոփ-10 ակումբների՝ CAS դիմելու գաղափարի հետևում կանգնած է «Արսենալը»։
Ինչպես գիտեք, «քաղաքաբանկաները» ֆինանսական Fair-play-ի կանոնները խախտելու պատճառով ՈՒԵՖԱ-ի կողմից երկու տարով զրկվել են հաջորդ երկու տարում եվրագավաթներին մասնակցելու իրավիունքից։ Ակումբի ղեկավարությունն անմիջապես դիմել էր Լոզանի սպորտային արբիտրաժային դատարան`CAS՝ բողոքարկելով այդ որոշումը։
Քանի որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով այդ գործի քննությունը ձգձգվում է, եվրագավաթային ուղեգրերի համար պայքարում «Սիթիի» հիմնական մրցակիցները դիմել են CAS՝ պահանջելով չեղարկել «երկնագույնների» բողոք-դիմումը։ Ըստ Daily Mail-ի՝ բողոք են ներկայացրել ԱՊԼ-ի թոփ-10 ակումբներից գրեթե բոլորը, բացառությամբ «Շեֆիլդ Յունայթեդի» և «Մանչեսթեր Սիթիի»։
Mirror-ի տեղեկություններով «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը վստահ է, որ այդ գաղափարի հետևում կանգնած է «Արսենալը», քանի որ «Սիթիի» որակազրկումը բխում է լոնդոնյան ակումբի շահերից․ չէ՞ որ եթե «Սիթիի» որակազրկումը հաստատվի, ապա հինգերորդ հորիզոնականը զբաղեցրած ակումբը նույնպես կվաստակի Չեմպիոնների լիգային մասնակցելու ուղեգիր, իսկ «զինագործները» 5-րդ հորիզոնականին այժմ զիջում են ընդամենը 5 միավոր։ «Արսենալն» այս տեղեկատվությունը որևէ կերպ չի մեկնաբանել, սակայն, ըստ աղբյուրի, «զինագործները» նախընտրում են հերքել այդ իրավիճակի հետ կապված ցանկացած ենթադրություն կամ կարծիք։
# ԱՊԼ, Արսենալ, Եվրոպա-լիգա, Մանչեսթեր-Սիթի, Շեֆիլդ Յունայթեդ, ՈւԵՖԱ, Չեմպիոնների-լիգա