ԱԱ-2022. խմբային փուլի ամփոփում. բացահայտումներ և հիասթափություններ
Ավարտվեցին Մունդիալի խմբային փուլի հանդիպումները։
Խմբային փուլում եղան ինչպես հետաքրքիր, այնպես էլ ձանձրալի խաղեր, որոնց շրջանակում շատ հավաքականներ հիասթափեցրին, շատերն էլ` իրենց գլխից մի քանի անգամ բարձր ցատկեցին։ Եվ հենց այս ամենի շնորհիվ է աշխարհի առաջնությունը դառնում յուրահատուկ։
Այժմ կանադրադառնանք ԱԱ-2022-ի խմբային փուլի բացահայտումներին ու հիասթափություններին։
Հիասթափություններ
Գերմանիա
«Բունդեսմանշաֆթն», անկասկած, մրցաշարի ամենամեծ ձախողումն է։ Արդեն երկրորդ անգամ անընդմեջ Գերմանիան դուրս է մնում Մունդիալի խմբային փուլից։
Հատկանշական է, որ գերմանացիները մինչ այս երկու դեպքը նախորդ 16 աշխարհի առաջնությունների ժամանակ, երբ մասնակցել են մրցաշարին, մշտապես առաջ են շարժվել` 4 անգամ դառնալով չեմպիոն։
Գերմանիան բոլոր առաջնություններում համարվում է գլխավոր ֆավորիտներից մեկը, բայց տեսնում ենք, որ իրականությունն այլ է։
Գերմանիան, անակնկալ պարտություն կրելով Ճապոնիայից (1:2) ու ոչ-ոքի խաղալով Իսպանիայի դեմ կայացած սկզբունքային դիմակայությունում (1:1), շարունակում էր հիանալի շանսեր ունենալ` փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու համար, սակայն «սամուրայները» վերջին տուրում համառ դիմադրություն ցույց տվեցին և հաղթեցին նաև Իսպանիային (2:1), ինչի հետևանքով էլ «մանշաֆթը» լքեց հետագա պայքարը։
Այդուհանդերձ, ասել, որ Գերմանիան լքեց պայքարը միայն այն պատճառով, որ Իսպանիան չհաղթեց Ճապոնիային, նշանակում է ոչինչ չասել. չէ՞ որ Հանսի Ֆլիկի թիմին ոչ ոք չէր խանգարում մրցաշարի առաջին տուրում առավելության հասնել ծագող արևի երկրի ներկայացուցիչների նկատմամբ ու ստանալ ավելի հարմարավետ դիրք։
Պետք է փաստել, որ Գերմանիայի հավաքականը Միրոսլավ Կլոզեից և Մարիո Գոմեսից հետո չի ունեցել ոչ մի բարձրակարգ կենտրոնակսն հարձակվող, ովքեր կեզրափակեն տուգանային հրապարակ եկացող գնդակների գոնե կեսը։
Այս Մունդիալին «բունդեսմանշաֆթը» կա՛մ խաղում էր առանց ընդգծված «9» համարի կա՛մ էլ այդ դիրքում խաղում էր Նիկլաս Ֆուլկրուգը, ով, ճիշտ է, 2 գոլ խփեց մրցաշարի ընթացքում, սակայն, մեղմ ասած, այն ֆուտբոլիստը չէ, ով պետք է հարց լուծի նման բարձր մակարդակով։
Դրան գումարվեց Տիմո Վերների բացակայությունը, ով մրցաշարը բաց թողեց վնասվածքի պատճառով։
Բացի դրանից, մեծ հարցեր առաջացրին Մանուել Նոյերի և պաշտպանության եզրերում հանդես եկող ֆուտբոլիստների ու Նիկլաս Զյուլեի խաղը, ովքեր բազմաթիվ բացթողումներ ունեցան։
Կար ժամանակ, երբ, թվում էր, թե Հանսի Ֆլիկն անսխալական մարզիչ է, սակայն այս Մունդիալը կարծես հօդս ցնդեցրեց այդ զգացողությունը, քանի որ 57-ամյա մասնագետը մրցաշարի ընթացքում մի շարք տակտիկական և հոգեբանական սխալներ թույլ տվեց։
Նախ դեռ Ճապոնիայի հավաքականի դեմ կայացած առաջին խաղակեսից պարզ էր, որ Գերմանիան պետք է խաղա ընդգծված կենտրոնական հարձակվողով, քանի որ ստեղծած բազում գոլային պահերը չէին վերածվում գոլի։ Անհասկանալի է, թե ինչու շանս չստացավ պատանի Յուսուֆա Մուկոկոն, ով բազմիցս ապացուցել է, որ կարող է հարց լուծել։
Աչք էր ծակում նաև Ջամալ Մուսիալայի անհատական խաղով տարվելը։ Բոլորը, միանշանակ, հիանում են նրա տեխնիկայով, սակայն ոչ ոքի մտքով չի անցնո՞ւմ, որ ֆուտբոլը թիմային խաղ է, և երբ չի ստացվում խաղը, պետք է նաև փոխանցում կատարել։
Գերմանիան դեռ Մունդիալի մեկնարկից առաջ թաթախվել էր նաև, ինչ-որ տեղ, քաղաքական հարցերի մեջ։ «Բունդեսմանշաֆթի» ղեկավար խավն ու ֆուտբոլիստներն ակնհայտ դեմ էին արտահայտվում, որ այս աշխարհի առաջնությունն անցկացվում է Քաթարում, ինչը հավելյալ մեծ ճնշում գործադրեց նրանց վրա։
Այս ամենի ամբողջական հետևանքն այն է, որ Գերմանիան բավական հեշտ խմբում ձախողվեց և գլխիկոր հեռանում է Քաթարից։
Բելգիա
Գերմանիայից հետո ամենամեծ հիասթափությունը, իհարկե, Բելգիայի հավաքականն է։
Ծերացած ոսկե սերունդը պարզապես ձախողեց մրցաշարը թե՛ արդյունքի և թե՛ խաղային առումով։ Բելգիան, ունենալով նման աստղեր իր թիմում ի դեմս` Կևին դե Բրույնեի, Էդեն Ազարի, Ռոմելու Լուկակուի, չկարողացավ խմբից դուրս գալ։
«Կարմիր սատանաներն» առաջին տուրում բավական դժգույն խաղով հաղթեցին Կանադային (1:0), բայց այդ խաղում կարող ենք ասել, որ Բելգիան շատ մեծ բախտ ուներ, քանի որ Կանադան մի քանի անգամ ավելի լավ ու վտանգավոր էր գրոհում։
Մարոկկոյի դեմ խաղում ակնհայտ երևացին բելգիացիների թույլ ու խոցելի կողմերը և պարտվեցին 0:2 հաշվով։ Այդ խաղում հատկապես հիասթափեցրեց Տիբո Կուրտուան, ով անհասկանալի սխալներ թույլ տվեց։
Այնուհետև եկավ Խորվաթիայի դեմ հանդիպումը (0:0), որը վերածվեց Ռոմելու Լուկալուի անձնական «բենեֆիսը», ով բազմաթիվ պահեր վատնեց միայն երկրորդ խաղակեսում։
Մեղադրե՞լ Ռոմելու Լուկակուին, թե՞ ոչ, ինքներդ կարող եք որոշել, բայց փաստը այն է, որ Բելգիան այդ խաղում մինչ նրա դաշտ մտնելը կարող էր և խաղի կարևորությունից ելնելով` պետք է խփեր գոլեր, ինչը չստացվեց։
Այս ամենի պատճառներից մեկն այն է, որ Ռոբերտո Մարտինեսի նախընտրած 3-4-3 հիբրիդ տակտիկական սխեման ամբողջությամբ սպառել էր իրեն։ Կևին դե Բրույնեն Բելգիայի հավաքականում չունի այն ազատությունը, ինչ «Մանչեսթեր Սիթիում», ինչի հետևանքով էլ գնդակի տեղաշարժման և կրեատիվության լուրջ խնդիրներ ի հայտ եկան։
Բացի դրանից, այս թիմն, իրոք, ծերանում է։ Պատկերացրեք` Բելգիայի հավաքականի կենտրանական պաշտպանների գոտում մինչ օրս հանդես են գալիս Տոբի Ալդերվեյրելդն ու Յան Վերտոնգենը, որոնց երկուսի տարիքը միասին կազմում է 68։
Առհասարակ այս թիմի մեկնարկային կազմի միջին տարիքը ողջ Մունդիալի ընթացքում 30-ից ցածր չի եղել, իսկ Խորվաթիայի դեմ խաղում այն նույնիսկ 31.5 էր։
Դրան գումարվում է նաև այն, որ բելգիական ոսկե սերնդի ներկայացուցիչներն արժանի փոխարինող չունեն և դժվար է հավատալ, որ առաջիկա մեծ մրցաշարերում «կարմիր սատանաները» լուրջ հաջողությունների կհասնեն։
Արդեն հայտնի է դարձել, որ Ռոբերտո Մարտինեսը հեռացել է Բելգիայի գլխավոր մարզչի պաշտոնից։ Նրան փոխարինողից շատ բան է կախված լինելու։
Բելգիան, միգուցե, նման խաղով անելիք չուներ փլեյ-օֆֆ փուլում և, միգուցե, բարին էլ հենց սա էր, որ «կարմիր սատանաները» լքեցին պայքարն այսքան շուտ, ինչը թույլ կտա այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիային անել ճիշտ հետևություններ։
Ուրուգվայ
Ուրուգվայի հավաքականը նույնպես արժանացավ գերմանացիների բախտին` խփած ու բաց թողած գոլերի հարաբերակցության պատճառով լքելով պայքարը խմբային փուլից։
Դիեգո Ալոնսոյի թիմն առաջին տուրում չտպավորեց։ Հարավային Կորեայի խաղում «լա սելստեն» ոչինչ չկարողացավ ստեղծել մրցակցի դարպասի ուղղությամբ (0:0), իսկ երկրորդ տուրում Ուրուգվայն իր խնդիրն էականորեն բարդացրեց և 0:2 հաշվով պարտվեց Պորտուգալիային։
Վերջին տուրում լատինաամերիկացիները վերջապես վերգտան իրենց խաղը և 2:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեցին Գանայի նկատմամբ, և թվում էր հենց Ուրուգվայն է շարունակելու պայքարը 1/8 եզրափակիչում, սակայն զուգահեռաբար ընթացող խաղում Հարավային Կորեան 90+2-րդ րոպեին հաղթանակ կորզեց Պորտուգալիայի դեմ խաղում` մրցաշարից դուրս թողնելով Լուիս Սուարեսին ու ընկերներին։
Ուրուգվայի հավաքականի հիմնական խնդիրն այն է, որ այստեղ նույնպես հին գվարդիան մայրամուտ է ապրում, իսկ նրանց փոխարինողներ չկան։
Անկասկած` Լուիս Սուարեսը, Էդինսոն Կավանին, Մարտին Կասերեսը և Դիեգո Գոդինն իրենց վերջին Մունդիալն անցկացրին, սակայն, ցավոք հեռանում են գլխիկոր։
Քաթար
Շատերը, միգուցե, մեզ հետ չհամաձայնեն, որ Քաթարի հավաքականին դասում ենք մրցաշարի ձախողումների թվին, սակայն դեռևս չէր եղել դեպք, երբ աշխարհի առաջնությունն ընդունող երկիրը պարտվեր խմբային փուլի բոլոր երեք խաղերում էլ։
Պետք է խոստովանել, որ մրցաշարի խմբային փուլի ամենաանատամ խաղը հենց Քաթարի հավաքականը ցուցադրեց։ Շատերը կանխատեսում էին, որ նրանք կկարողանան միավորներ «գողանալ» փլեյ-օֆֆ-ի համար պայքարող թիմերից, բայց արի ու տես, որ իրականությունը այլ է, այնուամենայնիվ, Քաթարը այն ընտրանիներից էր առաջնության, որ նվազագույնը միավոր պետք է վաստակեր բայց ո՛չ «խաղ» կար նրանց խաղում, ո՛չ էլ առավել ևս արդյունք։
Այո՛, պարզ է, կարող ես դնել ամուր հիմքեր, ստեղծել ֆուտբոլային մարզադպրոցներ, կառուցել մարզադաշտեր, միլիարդավոր նավթադոլլարներ ծախսել, սակայն փաստ է, որ գումարով չես գնի ո՛չ ֆուտբոլային գեն և ո՛չ էլ տաղանդավոր ֆուտբոլիստների։
Դանիա
Դանիայի ընտրանին Եվրո-2020-ի գլխավոր բացահայտումն էր։ Նրանք հասան մինչև կիսաեզրափակիչ, բայց մեկ գնդակը խանգարեց դանիացիներին դուրս գալ եզրափակիչ։
Այդ տարվանից հետո Դանիան շատ ավելի լավ ֆուտբոլ ցուցադրեց Ազգերի Լիգայում՝ երկու անգամ հաղթելով աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիային, ում դեմ նրանք մրցելու էին Քաթար-2022-ի խմբային փուլում։
Կասպեր Հյուլմանի խաղային ձեռագիրը շատերին ստիպեց սիրահարվել Դանիային, ու հենց նաև սա էր պատճառներից մեկը, որ «կարմիրներն» այս աշխարհի առաջնությունում կարող էր և պետք էր դուրս գա փլեյ-օֆֆ փուլ։
Այդուհանդերձ, ոչ-ոքի մտքով չէր անցնի, որ «վիկինգներն» այսքան անուշք տեսք կունենան ու չեն կարողանա հաղթել Թունիսին (0:0) և կպարտվեն Ավստրալիային (0:1)` լքելով պայքարը։
Ակնհայտ է, որ թե՛ կազմով և թե՛ խաղային որակներով Դանիան գերազանցում է, ինչպես Թունիսին, այնպես էլ Ավստրալիային, սակայն Հյուլմանի թիմում կարծես ինչ-որ բան կոտրվել էր։
Բացի դրանից, Դանիայի հավաքականը գոլ խփելու լուրջ խնդիրներ ուներ, քանի որ ո՛չ Յուսուֆ Պոուլսենը, ո՛չ Կասպեր Դոլբերգը և ո՛չ էլ Մարտին Բրեյթվեյթն օպտիմալ մարզավիճակում չէին մոտեցել տարվա կարևորագույն ստուգատեսին։
Դրան գումարենք նաև այն, որ իր փայլն է կորցրել նաև նախորդ Եվրոյի բացահայտումներից Մարտին Դամսգորը, ով ցույց չտվեց այն խաղը, որը բոլորս սպասում էինք։
Սերբիա
Սերբիայի հավաքականը կոտրեց շատերի սպասելիքները։ Առաջնության մեկնարկկից առաջ շատերը կարծում էին, որ հենց նրանք Բրազիլիայի հետ դուրս կգան փլեյ-օֆֆ փուլ, բայց Շվեյցարիան պարզապես դեմ էր այդ սցենարին։
Սերբերը մրցաշարը ձախողեցին՝ չնայած ունենալով շատ ավելի հզոր ու մարտունակ կազմ։ Նրանք առաջին տուրում հանդիպեցին ահեղ Բրազիլիային, որի դեմ խաղում կարողացան երկար ժամանակ դարպասն անառիկ պահել, սակայն դիմադրությունը երկար պահել չստացվեց։
Երկրոդ խաղում Դրագան Ստոյկովիչի թիմը Կամերունի դեմ խաղում բաց թողեց երկու գնդակի առավելությունը (3:3)։
Երրորդ տուրում էլ բալկանները չդիմացան ճնշմանն ու վճռորոշ խաղում 2:3 հաշվով զիջեցին Շվեյցարիային։
Սերբերն այս կազմով, անկասկած, կարող էին նույնիսկ մինչև 1/4 եզրափակիչ հասնել, սակայն մեծ մրցաշարերում նրանց հետ չգիտես` ինչ է պատահում։
Կարծում ենք` այս անգամ խնդիրը կարգապահությունն ու ֆիզիկական պատրաստվածությունն էր։
Ընթացիկ աշխարհի առաջնության խմբային փուլում բացահայտումները նույնպես անմասն չէին։ Խմբային փուլում մի շարք սենսացիոն հաղթանակներ եղան, այնպիսի թիմեր դուրս եկան փլեյ-օֆֆ փուլ, որոնցից շատերը նման հաջողության չէին սպասում։
Սաուդյան Արաբիա
Սաուդյան Արաբիան, ճիշտ է, դուրս չեկավ փլեյ-օֆֆ փուլ, սակայն, վերապահումներով «կանաչ բազեներին», անկասկած, կարելի է բացահայտում համարել։
Նրանց խաղը առաջին և երկրորդ տուրերում այնպիսին էր, որ դժվար էր հավատալ, որ դաշտում Սաուդյան Արաբիան է։
Սաուդյան Արաբիան, Էրվե Ռենարի գլխավորությամբ, ամենասենսացիոն հաղթանակը տարավ խմբային փուլիմշրջանակում` 2:1 հաշվով առավելության հասնելով Արգենտինայի նկատմամբ, որը մինչ այդ չէր պարտվել նախորդ 36 խաղերում։
Արգենտինան այդ խաղից հետո, իրոք, շոկի մեջ էր, քանի որ ոչ մեկը, գուցե, Սաուդյան Արաբիան անգամ չէր մտածում, որ կարող է հաղթել Արգենտինային, այն էլ 1:0 հաշվով պարտվելիս։
Սաուդյան Արաբիան բացահայտում էր, քանի որ խճճեց խմբում բոլորի հաշվարկներն ու ցույց տվեց, թե ինչպես կարելի է խաղալ՝ անգամ համարվելով հետնապահ։
Նրանց հաղթանակը պատմության մեջ գրվեց, բայց Լեհաստանի դեմ նրանց խաղը ևս արժանի էր հարգանքի, սակայն «բազեներին» չհերիքեց փորձը։ Մինչ այժմ հարցական է, թե ինչ դրվածք կունենար C խումբը վերջին տուրից հետո, եթե Սաուդյան Արաբիայի կիսապաշտպան Սալեմ Ալ Դավսարին դիպուկ իրացներ 11-մետրանոցը լեհերի դեմ խաղում։
Ամեն դեպքում, Սաուդյան Արաբիան ապացուցեց, որ նվեր չէ որևէ մրցակցի համար։
Ավստրալիա
Ավստրալիայի հավաքականը մրցաշարի ամենապարզ ֆուտբոլ խաղացող թիմերից մեկն է։
Կարծում ենք` շատերը թերագնահատել էին «ագեվազներին»` նրանց համարելով նվեր մրցակից, սակայն ավստրալացիները կոտրեցին շատ կարծրատիպեր։
Ավստրալիան խմբային փուլի առաջին տուրում Ֆրանսիայի դեմ խաղում մինչև առաջին կեսի միջնամասը հրաշալի ֆուտբոլ ցուցադրեցին։ Նրանք բացեցին հաշիվը, բայց թուլացրին կենտրոնացվածությունը և պարտվեցին 1:4 հաշվով, սակայն մյուս երկու խաղերում Գրեհեմ Առնոլդի թիմը բնավորություն ցույց տվեց՝ հաղթելով և՛ Թունիսին, և՛ Դանիային։
Կարելի է ասել` ավստրալացիներն այս մունդիալի խմբային փուլի գլխավոր անակնկալն էին։
Պետք է փաստել, որ «ագեվազներն» իրենց կազմում միայն երկու ներկայացուցիչ ունեն եվրոպական թոփ-5 առաջնություններից, ինչն էլ ավելի պատմական է դարձնում նրանց` այս հաջողությունը։
Մարոկկո
Մարոկկոյի հավաքականը, թերևս, մրցաշարի խմբային փուլի գլխավոր բացահայտումն է։
Մարոկկոն շոկի ենթարկեց իր մրցակիցներին` զբաղեցնելով առաջին հորիզոնականը F խմբում և թիկունքում թողնելով Խորվաթիային, Բելգիային և Կանադային։
Մրցաշարի մեկնարկից առաջ գրեթե բոլորը վստահ էին, որ Խորվաթիան և Բելգիան առաջին երկու տուրերում կլուծեն 1/8 եզրափակիչ դուրս գալու հարցը և վերջին տուրի խաղն ընկերական բնույթ կկրի, բայց Մարոկկոն խառնեց բոլոր խաղաքարտերը։
Աֆրիկացիները ոչ մի պարտություն չկրեցին խմբային փուլում և ընդամենը 1 գնդակ բաց թողեցին, այն էլ վերջին տուրում Կանադայի դեմ կայացած խաղում։
Մարոկկոյի հաջողության բանալին այն է, որ Վալիդ Ռեգրագուիի թիմում կատարյալ հարմոնիա է տիրում։
«Առյուծները» վերջապես ամբողջությամբ իրացրին իրենց ներուժն ու 36 տարի անց դուրս եկան ԱԱ-ի փլեյ-օֆֆ փուլ և, միգուցե, պայքարից դուրս թողնե՞ն նաև Իսպանիային։
Ճապոնիա
Խմբային փուլի ամենազարմանալի բացահայտումը Ճապոնիայի հավաքականն էր։
Զարմանալի այն առումով, որ Ճապոնիան պարտվեց Կոստա Ռիկայի պես համեստ հավաքականին, սակայն հաղթեց եվրոպական ֆուտբոլի երկու գիգանտներին` Իսպանիային և Գերմանիային, երկուսին էլ նույն`2-1 հաշվով։
Ճապոնիան ոչ միայն հաղթեց նրանց, այլև E խմբում զբաղեցրեց առաջին հորիզոնականը` գերելով մեր սրտերը թե՛ խաղային կարգապահությամբ, թե՛ մարդկային տեսանկյունից։
«Սամուրայների» բոլոր խաղերից հետո բոլորս լսում էինք նրանց երկրպագուների և ֆուտբոլիստների մասին։
Ֆուտբոլիստները խաղերից հետո մշտապես մաքրում են հանդերձարանում, իսկ երկրպագուները` տրիբունաներում իրենց հետևից թողած աղբը։
Ճապոնական կարգապահությունը տեղափոխվեց նաև ֆուտբոլային դաշտ և, կարելի է ասել, ծագող արևի երկրի գլխավոր մարզիչ Հաջիմե Մորիյասուն իր ոսկե սերնդից առավելագույնը քաղեց։
Սամվել Մխիթարյան
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Ավստրալիայի հավաքական, Բելգիայի հավաքական, Գերմանիայի հավաքական, Դանիայի հավաքական, Ճապոնիայի հավաքական, Մարոկկոյի հավաքական, Մունդիալ-2022, Ուրուգվայի հավաքական, Սաուդյան Արաբիայի հավաքական, Սերբիայի հավաքական, Քաթար-2022, Քաթարի հավաքական