Ֆրանսիան կրկին փառքի գագաթնակետին է` դառնալով Ազգերի լիգայի հաղթող🎥
Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության եզրափակիչի շրջանակում Իսպանիայի հավաքականը Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում մրցեց Ֆրանսիայի ընտրանու դեմ։
Հանդիպման առաջին կեսը մեծապես անցավ Իսպանիայի հավաքականի տարածքային առավելությամբ, որի ֆուտբոլիստները գնդակին տիրում էին ժամանակի 64%-ը։
Չնայած այդ առավելությանը` ողջ առաջին 45 րոպեների ընթացքում «ֆուրիա ռոխան» որևէ գոլային պահ չստեղծեց։
Նույն պատկերը նաև ֆրանսիացիների մոտ էր, ովքեր նույնպես ոչնչով աչքի չընկան։
Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի պայմաններում։
Երկրորդ խաղակեսի մեկնարկն էլ էր ընթանում հավասար պայքարում, սակայն հանկարծ 63-րդ րոպեից խաղը բացվեց ու կտրուկ ակտիվացավ։
63-րդ րոպեին աչքի ընկնելու հիանալի հնարավորություն ուներ Թեո Էրնանդեսը, ում հարվածից հետո իսպանացիներին փրկեց դարպասաձողը։
Այդ դրվագից հետո Լուիս Էնրիկեի սաները նետվեցին հակագրոհի ու Միկել Օյարսաբալի ջանքերով առաջ անցան հաշվի մեջ։
Սակայն, «կարմիրների» առավելությունը շատ կարճ տևեց, քանի որ 66-րդ րոպեին պտտեցրած հարվածով ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ Կարիմ Բենզեման` հաշիվը դարձնելով 1:1։
Խփված գոլերից հետո խաղը մասամբ հանգստացավ, սակայն 80-րդ րոպեին իրենց խոսքը կրկին ասացին Դիդիե Դեշամի սաները. Թեո Էրնանդեսը հիանալի փոխանցումով Կիլիան Մբապեին մեն-մենակ դուրս բերեց Իսպանիայի հավաքականի դարպասապահ Ունայի Սիմոնի դիմաց։ Վերջինս էլ չվրիպեց նպաստավոր դիրքից` առաջ մղելով «եռագույններին»։
88-րդ րոպեին Միկել Օյարսաբալը կարող էր հավասարեցնել հաշիվը, սակայն նպաստավոր դիրքից կատարած նրա հարվածից հետո հիանալի գործեց Ուգո Լյորիսը` փրկելով Ֆրանսիայի հավաքականին։
90+4-րդ րոպեին Իսպանիայի հավաքականին փրկելու հիասքանչ պահ կորցրեց Երեմի Պինոն, սակայն նրա հարվածից հետո կրկին հերոսացավ Լյորիսը։
Ի վերջո, Ֆրանսիայի հավաքականին հաջողվեց պահպանել հաղթական հաշիվը։
Այսպիսով, Ֆրանսիան 2:1 հաշվով հաղթեց Իսպանիայի հավաքականին` դառնալով Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության հաղթող։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ազգերի լիգա, Դիդիե Դեշամ, Իսպանիայի հավաքական, Լուիս-Սուարես, Կարիմ-Բենզեմա, Կիլիան-Մբապե, Միկել Օյարսաբալ, Ուգո Լյորիս, Ունայի Սիմոն, Ֆրանսիայի հավաքական