Ֆոնսեկա․ «Մխիթարյանն ամենախելացի ֆուտբոլիստներից է»
Իտալական Ա սերիայի 16-րդ տուրի «Կրոտոնեի» դեմ տարած արտագնա հաղթանակից հետո (1:3) «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան խոսել է թիմի ցուցադրած խաղի մասին՝ անդրադառնալով նաև Մխիթարյանի փայլուն ելույթին, ով այդ խաղում դարձավ մեկական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
«Սա ծանր հանդիպում էր։ Մենք գերազանց էինք գործում առաջին խաղակեսում և վերահսկում էինք խաղի ընթացքը երկրորդում։ Մենք ունակ ենք էլ ավելի լավ անցնել պաշտպանությունից հարձակման, բայց ընդհանուր առմամբ լավ խաղացինք։
Ամենակարևորը՝ մենք վաստակեցինք երեք միավոր։ Կարևոր է հաղթել բոլոր խաղերում՝ անկախ այն բանից, թե ով է մեր մրցակիցը։ «Ինտերը» փայլում է (խմբ․ թիմերը կխաղան հունվարի 10-ին Ա սերիայի 17-րդ տուրում), սակայն մենք խաղալու ենք հաղթանակի համար։
Մխիթարյանն ամենախելացի ֆուտբոլիստներից է, ում հետ ես երբևէ աշխատել եմ։ Այն, թե ինչպես է նա գտնում ազատ գոտիներ, հասանելի է ոչ բոլորին»,- Ֆոնսեկայի խոսքերն է փոխանցում Sky Sport Italia-ն։
Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում հայազգի կիսապաշտպանը մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
# Ա Սերիա, Ինտեր, Կրոտոնե, Հենրիխ-Մխիթարյան, Պաուլու Ֆոնսեկա, Ռոմա