Ֆլիկ․ «Նա դեռ կարող է օգնել Բավարիային»
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հարցազրույցներից մեկում խոսել է թիմի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինոյի շուրջ ստեղծված իրավիճակի մասին․
«Կոուտինիոն այնքան էլ լավ իրավիճակում չէ, սակայն անցնող շաբաթ նա հիանալի մարզումներ է ունեցել։
Իհարկե, «Հոֆֆենհայմի» դեմ խաղում ամեն ինչ չէր, որ լավ էր, սակայն վատ էլ չէր։ Չեմ կարծում, որ Կոուտինիոն 100%-ով գոհ է վերջին շրջանում իր ցուցադրած խաղից, սակայն նա մեր խաղացողն է, մենք պետք է օգնենք նրան։
Ես համոզված եմ, որ նա դեռևս կարող է օգնել «Բավարիային», և մեզ անհրաժեշտ է սպասել։ Յուրաքանչյուր խաղացողի կարիերայում էլ լինում են ինչպես բարձունքներ, այնպես էլ անկումներ․ հեշտ չէ հարմարվել այնպիսի ակումբի, ինչպիսին «Բավարիան» է։ Կոուտինիոն լավ մարզավիճակում է, իսկ ես դրական եմ տրամադրված նրա հանդեպ»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է Goal-ը։
Հիշեցնենք, որ 27-ամյա խաղացողը մյունխենյան ակումբի շարքերը համալրել է նախորդ ամռանը «Բարսելոնայից»։ «Բավարիայի» կազմում Կոուտինիոն հանդես է գալիս վարձակալական հիմունքներով, որը նախատեսված է մինչ ընթացիկ մրցաշրջանի ավարտը, ինչից հետո գերմանական ակումբը ունենալու է խաղացողի տրանսֆերը ձեռք բերելու անմիջական իրավունք։ Սակայն հաղորդվում էր, որ «Բավարիան» Կոուտինիոյի ցուցադրած խաղից գոհ չէ և մտադիր չէ ձեռք բերել նրա ամբողջական տրանսֆերը։
Կոուտինիոն Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Եվս մեկ գոլ և 2 գոլային փոխանցում նրա հաշվին գրանցվել է Չեմպիոնների լիգայի 6 հանդիպումներում։
# Բավարիա, Բարսելոնա, Բունդեսլիգա, Հանս-Դիտեր Ֆլիկ, Չեմպիոնների-լիգա, Ֆիլիպե Կոուտինիո