Ֆանտաստիկ խաղ «Էնֆիլդում». Լիվերն ու Սիթին չպարզեցին հաղթողին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում, որտեղ «Լիվերպուլը» մրցեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ։
Հանդիպման առաջին խաղակեսն անցավ «Սիթիի» ֆուտբոլիստների տարածքային ու խաղային առավելությամբ, ովքեր ավելի շատ էին տիրում և ավելի շատ հարվածում, սակայն նրանց գործողություններում չկար առանձնապես սրություն։
Յուրգեն Կլոպի սաներն էլ հիմնականում պաշտպանվեցին առաջին կեսում` հարձակման գծում չառաջարկելով ոչինչ։
Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի պայմաններում։
Գոլազուրկ առաջին կեսից հետո ֆանտաստիկ հանդիպման ականատես եղանք, իսկ կողմերը փոխանակվեցին խփած երկուական գնդակով։
Երկրորդ կեսը մեկնարկեց «Լիվերի» տղաների առավելությամբ, ովքեր էլ 59-րդ րոպեին Սադիո Մանեի ջանքերով բացեցին խաղի հաշիվը։
Պեպ Գվարդիոլայի սաներն անմիջապես ակտիվացան և արդեն 69-րդ րոպեին հավասարեցրին հաշիվը, իսկ գոլի հեղինակ դարձավ Ֆիլ Ֆոդենը։
76-րդ րոպեին Մոհամեդ Սալահը հարձակման աջ եզրով ֆանտաստիկ անցում ձեռնարկեց, ճանապարհին շրջանցեց 3-4 մրցակիցների և գրավեց Էդերսոնի դարպասը` կրկին առաջ մղելով տանտերերին։
Պարտությունը ոչ մի կերպ չէր կարող գոհացնել «քաղաքաբնակներին», ովքեր էլ 81-րդ րոպեին հավասարեցրին հաշիվը, իսկ գոլի հեղինակ դարձավ Կևին դե Բրոյնեն։
Խաղավարտին էլ երկու ակումբներն ունեին հաղթանակ կորզելու լավ պահեր ունեին, սակայն հանդիպումը, ի վերջո, ավարտվեց 2:2 հաշվով։
Այս ոչ-ոքիից հետո «Լիվերպուլը» վաստակեց 15 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։
«Սիթին» էլ իր միավորների քանակը հասցրեց 14-ի և 3-րդն է մրցաշարային աղյուսակում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Լիվերպուլ, Կևին դե Բրոյնե, Մանչեսթեր-Սիթի, Մոհամեդ-Սալահ, Յուրգեն-Կլոպ, Պեպ Գվարդիոլա, Սադիո-Մանե, Ֆիլ Ֆոդեն