Ֆանտաստիկ թրիլեր Մադրիդում! «Ռեալը» անհավանական պայքարում դուրս եկավ գավաթի եզրափակիչ 
Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» տանը մրցեց «Ռեալ Սոսիեդադի» դեմ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «արքայական» ակումբը հաղթել էր 1:0 հաշվով։
Պատասխան խաղում անհավանական պայքար ծավալվեց։
Առաջին խաղակեսում կողմերը մեկական գոլով փոխանակվեցին. 16-րդ րոպեին բասկյան թիմին առաջ մղեց Անդեր Բարենեչեան, որին «արքայական» ակումբը 30-րդ րոպեին պատասխանեց Էնդրիկի դիպուկ հարվածով։
72-րդ րոպեին Դավիդ Ալաբայի ինքնագոլի շնորհիվ հյուրերը կրկին առաջ անցան հաշվի մեջ, իսկ 80-րդ րոպեին Միկել Օյարսաբալը խփեց իր թիմի երրորդ գոլը։
Թվում էր, թե «Ռեալ Սոսիեդադը» վճռեց դիմակայության ելքը, սակայն Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը շատ արագ ոչ միայն կրճատեց, այլև հավասարեցրեց հաշիվը. 82-րդ րոպեին աչքի ընկավ Ջուդ Բելինգեմը, 86-րդ րոպեին` Օրելյեն Չուամենին։
Այդուհանդերձ, սա էլ վերջը չէր, քանի որ 90+3-րդ րոպեին Օյարսաբալը գլխի հարվածով դուբլ գրանցեց, հիմնական ժամանակում հյուրերին 4:3 հաշվով հաղթանակ պարգևեց, իսկ դիմակայությունը շարունակվեց լրացուցիչ ժամանակում։
Լրացուցիչ ժամանակում «Ռեալը» վերահսկում էր հանդիպման ընթացքն ու 115-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Անտոնիո Ռյուդիգերը խփեց մրցակցի դիմադրությունը կոտրող գոլն ու դրեց հանդիպման վերջակետը` 4:4։
«Լոս բլանկոսն» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 5:4 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի «Ատլետիկո Մադրիդ» – «Բարսելոնա» դիմակայության հաղթողի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից