Քոչարյան․ «Եթե հավաքականը դրական արդյունք ցույց չի տալիս, բնականաբար, վատ է»։
Արամ Քոչարյանը 2022/23 մրցաշրջանի առաջիմ հատվածն անցկացրել է բելառուսական «Վիտեբսկում», սակայն արդեն հեռացել է ակումբից։ Հայ ֆուտբոլիստը վերադարձել է Հայաստան և այժմ սպասում է առաջարկների։
Interfootball-ը 26-ամյա կիսապաշտպանի հետ զրուցել է նոր թիմի , Հայաստանի ու Բելառուսի առաջնությունների տարբերությունների ու, ընդհանրապես, ֆուտբոլի մասին։
–Արամ, Դուք հեռացել եք բելառուսական «Վիեբսկից»։ Թիմը մրցաշրջանն ավարտեց նախավերջին հորիզոնականում։ Ի՞նչ կասեք այս մրցաշրջանի մասին։
– Մրցաշրջանի կեսից էի միացել թիմին։ Սկզբում մի քանի խաղ հաղթեցինք, բայց հետո 11 խաղ ոչինչ չկարողացանք անել, և թիմը լքեց Բելառուսի Բարձրագույն խումբը։ Վերադարձել եմ Հայաստան։ Այժմ սպասում եմ մարտահրավերների։
– Դուք 15 հանդիպման մասնակցեցիք։ Արդարացա՞ն Ձեր սպասելիքները այս մրցաշրջանից և, ընդհանրապես, թիմից։
– Թիմը լքել է Բելառուսի Բարձրագույն լիգան։ Սպասելիքները, իհարկե, լավ չեն կարող լինել, սակայն ես մասնակցել եմ վերջին շրջանի բոլոր հանդիպումներին և լավ մարզավիճակում եմ այս պահին։
– «Վիտեբսկը» հաջորդ տարի հանդես կգա Բելառուսի երկրորդ դիվիզիոնում․ սա կարո՞ղ է պատճառներից մեկը լինել հեռանալու։
– Այո՛։ Ես չէի կարող առաջին լիգայում խաղալ, քանի որ այդ լիգայում չի թույլատրվում լեգեոներներին խաղալ։
– Թերևս ամենակարևոր հարցը․ որևէ թիմ հետաքրքրվա՞ծ է Ձեր ծառայություններով, թե՞ դեռ առաջարկներ չկան։
– Այո՛, ունեմ մի քանի առաջարկ։ Մոտ օրերս նոր թիմ կունենամ։
– Fastex Հայաստանի առաջնությունը շուտով կգնա ձմեռային դադարի։ Հետևո՞ւմ եք առաջնությանը, եթե այո, ապա ի՞նչ կասեք առաջնության առաջին հատվածի մասին։
– Այո՛, գրեթե բոլոր խաղերը դիտել եմ և տպավորություններս նորմալ են այս հատվածի մասին։
– Չեմպիոնական պայքարում ո՞ր թիմի շանսերն եք բարձր գնահատում։
– Կարծում եմ` այս պահին 4 թիմ պայքարում է չեմպիոնության համար։
– Հայաստանի հավաքականը վերջերս ընկերական հանդիպումներ անցկացրեց։ Դուք հավաքականի թեկնածուներից եք, սակայն չկայիք այս խաղերի հայտացուցակում։ Ի՞նչ կասեք վերջին ընկերական հանդիպումների և Ձեր՝ հավաքական չհրավիրվելու մասին։
– Այս անգամ չհրավիրվեցի, սակայն ամեն ինչ անում եմ, որ միշտ լինեմ հավաքականում։ Եթե հավաքականը դրական արդյունք չի ունենում, բնականաբար, վատ է։
– Նախորդ մրցշրջանում Դուք «Նորավանքի» մարզաշապիկն էիք կրում, որը, ցավոք, լուծարվեց։ Դուք լավ թիմ էիք ստեղծել, և առանցքային ֆուտբոլիստներից մեկն էիք։ Ի՞նչ տվեց Ձեզ Վահե Գևորգյանի «Նորավանքը»։
– «Նորավանքում» ավելի շատ դրական բաներ են եղել։ Ամենակարևորը այն էր, որ դարձանք Հայաստանի գավաթակիր, սակայն անհասկանալի պատճառներով թիմը լուծարվեց։
– Դուք խաղացել եք Հայաստանում՝ «Ուրարտուում», «Արարատում», «Լոռիում», «Փյունիկում»։ Կարող ենք վստահաբար ասել, որ առաջնության փորձառուներից եք։ Հե՞շտ էր բելառուսական ֆուտբոլին հարմարվելը։ Ի՞նչ տարբերություններ կան մեր և Բելառուսի առաջնությունների միջև։
– Բելառուսական ֆուտբոլին հեշտ հարմարվեցի։ Այնտեղի առաջնությունը ավելի արագ ֆուտբոլ է խաղում, և շեշտը դրված է ուժային պայքարի վրա։
– Աշխարհի առաջնությունն է ընթանում։ Ո՞ր հավաքականին եք երկրագում։
– Քաթար-2022-ում երկրպագում եմ երկու ընտրանու՝ Արգենտինային և Ֆրանսիային։
– Եվ վերջում․ ո՞րն է Ձեր ֆուտբոլային ամենամեծ երազանքը կամ նպատակը։
– Իմ նպատակն է խաղալ Հայաստանի հավաքականում։
Սամվել Մխիթարյան
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, Արամ Քոչարյան, Հայաստանի-հավաքական, հարցազրույց, Նորավանք, Սամվել Մխիթարյան, վերլուծություն, Վիտեբսկ