Միլանը մեծ դժվարությամբ դուրս եկավ 1/8 եզրափակիչ․ Ցրվենան լուրջ դիմադրություն ցույց տվեց🎥
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում մրցեց սերբական «Ցրվենա Զվեզդայի» դեմ։
Մեկ շաբաթ առաջ կողմերը Բելգրադում խաղն ավարտել էին 2։2 հաշվով։
Պատասխան խաղը ակտիվ սկսեցին տանտերերը, ովքեր արդեն 9-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը․ 11-մերտանոցից աչքի ընկավ Ֆրանկ Կեսիեն։
Այս դիմակայությունում սերբական ակումբին երրորդ անգամ հաշիվը վերականգնելու համար անհրաժեշտ եղավ ընդամենը 15 րոպե, քանի որ 24-րդ րոպեին «Սան Սիրոյի» լուսատախտակին 1։1 հաշիվը վառեց Էլ Ֆարդուն։
Նախքան ընդմիջման գնալը երկու ակումբներն էլ կարող էին փոխել հաղթանակի նժարն իրենց կողմը, սակայն ինչպես Դիեգո Դալոտն, այնպես էլ Գելոր Կանգան վրիպեցին նպաստավոր դիրքերից, իսկ առաջին կեսն ավարտվեց 1։1 հաշվով։
Որքան էլ տարօրինակ է, երկրորդ խաղակեսի մեծ մասում Դեյան Ստանկովիչի թիմն ավելի լավ տեսք ուներ և ավելի վտանգավոր պահեր էր ստեղծում զորեղ մրցակցի դարպասի ուղղությամբ։
Աչքի ընկնելու լավ պահեր ունեին Սեկու Սանոգո Ժունիորը, Դիեգո Ֆալսինելին, Ալեքսանդր Կատայը, Գելոր Կանգան, սակայն ամեն անգամ սերբական ակումբի ֆուտբոլիստներին ինչ-որ բան պակասում էր, որոնց չհաջողվեց իրացնել իրենց պահերը։
Ինչպես կողմերի միջև կայացած առաջին խաղում, պատասխան հանդիպմանը «Ցրվենա Զվեզդան» կրկին մնաց 10 ֆուտբոլիստներով․ 70-րդ րոպեին երկրորդ անգամ դեղին քարտով զգուշացվեց Մարկո Գոբելիչը, ինչը, միանշանակ, ազդեց հանդիպման հետագա ընթացքի վրա։
«Ռոսոներիները», ստանալով քանակական առավելություն, հանդիպման վերջնամասում հանգստացրին խաղը, որն ավարտվեց 1։1 հաշվով։
Այսպիսով, Ստեֆանո Պիոլիի թիմը մրցակցի դաշտում մեկ գնդակ ավելի խփելու շնորհիվ պայքարը կշարունակի 1/8 եզրափակչի շրջանակում։
Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր Կատայ, Գելոր Կանգա, Դեյան Ստանկովիչ, Դիեգո Դալոտ, Դիեգո Ֆալսինելի, Եվրոպա-լիգա, Էլ Ֆարդու, Մարկո Գոբելիչ, Միլան, Ստեֆանո Պիոլի, Ցրվենա Զվեզդա, Ֆրանկ Կեսիե