Տրանսֆերային դրամա Միկաուտաձեի ապագայի շուրջ
Ֆրանսիական «Մեցի» և Վրաստանի ազգային հավաքականի հարձակվող Ժորժ Միկաուտաձեի ապագայի շուրջ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում։
Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ 23-ամյա ֆուտբոլիստը կարիերան շարունակելու է «Մոնակոյում», որի հետ մինչև 2029 թ. հունիսի 30-ը պայմանագիր է կնքելու։ Մոնեգասկյան ակումբն էլ նրա տեղափոխության համար պետք է վճարեր 20 մլն եվրո։ Ակումբը նաև ծրագրել էր, թե երբ պետք է Միկաուտաձեն բուժզննում անցնի։
Այդուհանդերձ, «Մոնակոյի» խաղաքարտերը խառնել է «Լիոնը»։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ «Լիոնը» վրացի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում առաջ է անցել «Մոնակոյից»։ «Մոնակոն» «Մեցին» արդեն տեղյակ է պահել, որ դուրս է եկել խաղից։
Ինսայդեր Նկոլո Սկիրան էլ գրում է, որ երիտասարդ ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր է կնքելու «Լիոնի» հետ։
Ժորժ Միկաուտաձեն հենց «Լիոնի» մանկապատանեկան դպրոցի սան է։ Նա 2017 թ. տեղափոխվել է «Մեց»։ Ֆուտբոլիստը 2022/23 մրցաշրջանում 23 գոլով դարձել է ֆրանսիական Լիգա 2-ի լավագույն ռմբարկու, ինչից հետո 16 մլն եվրոյով տեղափոխվել է Ամստերդամի «Այաքս», սակայն հոլանդական ակումբում, 9 խաղում չկարողանալով աչքի ընկնել ոչ մի արդյունավետ գործողությամբ, այս տարվա հունվարին վարձավճարով վերադարձել է Մեց»։ Հարձակվողը Լիգա 1-ի 2023/24 մրցաշրջանի երկրորդ հատվածում 20 խաղում խփել է 13 գոլ, կատարել 4 ասիստ։ Մրցաշրջանի ավարտին «Մեցը» 13 մլն եվրոյով հետ գնել է նրա տրանսֆերային իրավունքը։
Միկաուտաձեն Վրաստանի հավաքականի կազմում մասնակցել է Եվրո-2024-ին և 4 խաղում խփել 3 գոլ։ Նա այն 6 ֆուտբոլիստներից մեկն է, որոնք դարձան մրցաշարի լավագույն ռմբարկու։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եվրո-2024, Եվրոպայի առաջնություն, Ժորժ Միկաուտաձե, Լիգա-1, Լիոն, Մոնակո, Վրաստանի հավաքական, տրանսֆերներ