Տոտենհեմն ընդունել է Բավարիայի խոշոր առաջարկը
«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը շատ մոտ է կարիերան «Բավարիայում» շարունակելուն։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, հղում կատարելով The Athletic-ի լրագրող Դավիդ Օրնշտայնին, տեղեկացնում է, որ գործարքի հարցում ակումբները հասել են սկզբունքային համաձայնության, որի դիմաց «ռեկորդ մայսթերը» վճարելու է 100 մլն եվրոյից ավելի։
Աղբյուրի փոխանցմամբ` այժմ ամեն ինչ կախված է Քեյնից, ով երկար բանակցություններից հետո ապագայի վերաբերյալ պետք է շատ արագ որոշում կայացնի։
Ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնում է, որ գործարքը մյունխենյան ակումբի համար արժենալու է ընդհանուր 110 մլն եվրո։
Նշվում է, որ «Բավարիան» դեռ 1 ամիս առաջ Քեյնի հետ մինչև 2027 թ. հունիսի 30-ն անձնական պայմանագիր է համաձայնեցրել, իսկ անգլիացի հարձակվողի տարեկան աշխատավարձը լինելու է 25 մլն եվրո։
Հավելենք, որ եթե, ի վերջո, այս գործարքը կայանա, այն կդառնա «Բավարիայի» պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը և կգերազանցի Լյուկա Էրնանդեսի ռեկորդը, ում դիմաց մյունխենյան ակումբը 2019 թ. հուլիսին «Ատլետիկո Մադրիդին» վճարել է 80 մլն եվրո։
Ավելացնենք, որ Հարի Քեյնը «Տոտենհեմի» սան է, որի կազմում անցկացրել է 435 հանդիպում` դառնալով 280 գոլի և 64 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Դավիդ Օրնշտայն, Հարի Քեյն, Նիկոլո Սկիրա, Տոտենհեմ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո