Սևիլիան ընդհատեց Վիլյառեալի տպավորիչ անպարտելիության շարքը🎥
Իսպանական Լա լիգայի 16-րդ տուրի շրջանակում «Սևիլիան» ընդունեց «Վիլյառեալին» և հաղթեց 2։0 հաշվով։
Խաղի հաշիվը 8-րդ րոպեին բացեց տանտերերի հարձակվող Լուկաս Օկամպոսը՝ հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը։
Երկրորդ խաղակեսի նույն՝ 8-րդ րոպեին (խաղի 53-րդ րոպե) տանտերերը նաև կրկնապատկեցին իրենց առավելությունը։ Օկոմպոսի փոխանցումից հետո գոլն իր ակտիվում գրանցեց Յուսուֆ Էն-Նեսիրին՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը։
Այս հաղթանակից հետո «Սևիլիան» վաստակեց 26 միավոր և հանգրվանեց մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում։ Նույնքան միավոր ունի նաև «Վիլլառեալը», ով այս պահին 5-րդն է։
Հավելենք, որ մինչ այս պարտությունը «Վիլյառեալը» չէր պարտվել վերջին 20 պաշտոնական խաղերում, ինչը ակումբի պատմության լավագույն ցուցանիշն էր։ Այդ 20 խաղերից 12-ը Ունայի Էմերիի սաներն ավարտել էին հաղթանակով։
# Լա-լիգա, Լուկաս Օկամպոս, Յուսուֆ Էն-Նեսերի, Սևիլիա, Վիլյառեալ