Կումանի քիթն արնահոսեց մամուլի ասուլիսի ժամանակ
Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, իսպանական Լա լիգայի 25-րդ տուրի «Սևիլիա» – «Բարսելոնա» հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսն ընդհատվեց կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի քթից արյուն գալու պատճառով։
Աղբյուրի փոխանցմամբ՝ արնահոսությունը չի հաջողվել կասեցնել բավական երկար ժամանակ, այդ իսկ պատճառով որոշում է կայացվել ընդհատել մամուլի ասուլիսը։
Հատկանշական է, որ դեպքից անմիջապես առաջ հոլանդացի մասնագետը խոսել է «Բարսելոնայում» իր ապագայի մասին և հայտնել, որ «կապտանռնագույնների» մարզիչները միշտ էլ մեծ ճնշման տակ են գտնվում։
Պարզվում է՝ արնահոսության նմանօրինակ դեպքը առաջինը չէ Կումանի կյանքում։ Հաղորդվում է, որ ընթացիկ մրցաշրջանում 57-ամյա մարզչի հետ ևս մեկ անգամ է նման դեպք պատահել և կրկին մամուլի ասուլիսի ժամանակ։
Տեղեկացնենք, որ «Սևիլիայի» դեմ արտագնա հանդիպումը կմեկնարկի փետրվարի 27-ին՝ Երևանի ժամանակով 19։15-ին։
«Բարսելոնան» և «Սևիլիան» այս պահի դրությամբ հարևաններ են Լա լիգայի մրցաշարային աղյուսակում։ Կատալոնական ակումբը 24 հանդիպումներից հետո վաստակել է 50 միավոր և գտնվում է 3-րդ հորիզոնականում, իսկ Խուլիեն Լոպետեգիի սաներն ունեն 48 միավոր և եզրափակում են լավագույն քառյակը, սակայն մեկ հանդիպում պակաս են անցկացրել մրցակցի համեմատ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լա լիգա, Խուլիեն Լոպետեգի, Ռոնալդ Կուման, Սևիլիա