Սուարեսը կեղծիքի միջոցով է հանձնել իտալերենի քննությունը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը օրեր առաջ մեկնել էր Պերուջա՝ իտալերենի քննություն հանձնելու։ Այդ ժամանակ «Յուվենտուսը» դեռևս հետաքրքրված էր ուրուգվայցի ֆուտբոլիստի ծառայություններով, իսկ տեղափոխության համար անհրաժեշտ էր, որպեսզի ֆուտբոլիստն ունենա Իտալիայի անձնագիր։ Հայտնի է նաև, որ Սուարեսը հաջողությամբ հանձնել է B1 մակարդակի քննություն՝ ստանալով վկայական։
Սակայն, ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, Պերուջայի ոստիկանությունը ուրուգվայցի ֆուտբոլիստի քննության ժամանակ խախտումներ է նկատել։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Լուիս Սուարեսը քննությունից առաջ արդեն ունեցել է բոլոր հարցերի պատասխանները, իսկ ֆուտբոլիստի գնահատականը նույնիսկ նախօրոք նշանակված է եղել։ Այս գործի համար մեղադրվում են Պերուջայի համալսարանի օտարերկրացիների համար զբաղվող բաժնի ղեկավարները։
Այն լսարանում, որտեղ անցկացվել է Սուարեսի քննությունը, ոստիկանությունը տեղադրած է եղել գաղտնալսող սարքեր, որոնք ձայնագրել են հետևյալ խոսակցությունը․
«Նա պետք է հանձնի քննությունը, նրա տարեկան աշխատավարձը 10 մլն եվրո է կազմում»:
Ճիշտ է՝ քննության արդյունքում 33-ամյա հարձակվողը ստացել է իտալերենի B1 մակարդակի վկայական, սակայն, ոստիկանության հետաքննության արդյունքում պարզվել է, որ ֆուտբոլիստը բավականին թույլ գիտելիքներ ունի իտալերենից, որոնք, միանշանակ, բավարար չեն այդ մակարդակի վկայական ստանալու համար։
Հատկանշական է, որ Պերուջայի քաղաքային ոստիկանությունը նպատակադրված չի ուսումնասիրել Լուիս Սուարեսի քննությունը։ Ըստ տեղեկությունների՝ իրավապահ մարմիններն արդեն երկար ժամանակ է կասկածելի երևույթներ են նկատում Պերուջայի համալսարանի հետ կապված, այդ պատճառով էլ հետաքննություն են անցկացնում։
# Բարսելոնա, Լուիս-Սուարես, Յուվենտուս