Սկանդալային հանդիպումը, ի վերջո, կայացավ․ Նեյմարն ու Մբապեն փայլուն ֆուտբոլ ցուցադրեցին 🎥
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրի շրջանակում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ մրցեց «Իստամբուլ Բաշակշեհիրի» դեմ։
Հանդիպումը դեռևս պեք է կայանար երեկ՝ դեկտեմբերի 8-ին, սակայն 15-րդ րոպեից այն դադարեցվեց ռասիստական սկանդալի պատճառով։ Թուրքական ակումբի ֆուտբոլիստ Դեմբա Բան պնդում էր, որ հանդիպման 4-րդ պաշտոնյա Սեբաստիան Կոլչեսկուն ակումբի մարզիչ Պիեր Վեբոյին անվանել է «negro»։ Սենեգալցի ֆուտբոլիստը հարձակվեց մրցավարների վրա՝ պահանջելով բացատրություն, ինչից հետո կրքերը բորբոքվեցին, իսկ հանդիպումը դադարեցվեց։
ՈՒԵՖԱ-ն որոշեց, որ խաղը կկայանա դեկտեմբերի 9-ին և կշարունակվի 15-րդ րոպեից, իսկ հանդիպման գլխավոր մրցավարը փոխվեց։ Օվիդիու Հացեգանի փոխարեն խաղը դատեց հոլանդացի Դանի Մակելին։
Ինչպես և սպասվում էր, փարիզյան ակումբը որևէ հնարավորություն չտվեց մրցակցին՝ հաղթելով 5։1 հաշվով։ Փայլուն հանդիպում անցկացրին Նեյմարն ու Մբապեն, որոնք էլ կերտեցին այս հաղթանակը։ Բրազիլացի ֆուտբոլիստը դարձավ հեթ-տրիկի, իսկ Մբապեն՝ դուբլի հեղինակ, իսկ «Բաշակշեհիրի» միակ գոլը խփեց Մեհմեթ Թոփալը։
Այս հաղթանակից հետո Թոմաս Տուխելի սաները H խմբի շրջանակում վաստակեցին 12 միավոր և 1-ին տեղով դուրս եկան մրցաշարի 1/8 եզրափակիչ։ Խմբում նույնքան միավոր վաստակեց նաև «Լայպցիգը», սակայն, անհատական խաղերում զիջելով «Փարիզին», զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։ «Մանչեսթեր Յունայթեդը» 9 միավորով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը և պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչում, իսկ «Իստամբուլ Բաշակշեհիրը» 3 միավորով եզրափակեց խումբը։
# Դեմբա Բա, Իստամբուլ Բաշակշեհիր, Կիլիան-Մբապե, Մեհմեթ Թոփալ, Նեյմար, ՈւԵՖԱ, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Սեբաստիան Կոլչեսկու, Օվիդիու Հացեգան