Սիթին ընդհուպ մոտեցավ Լիվերպուլին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ մրցեց «Բրայթոնի» դեմ։
Չնայած Պեպ Գվարդիոլայի սաները խաղի մեծ մասում ունեին լուրջ առավելություն՝ ընդամենը մեկ անգամ կարողացան գրավել մրցակցի դարպասը։
«Սիթիի» միակ ու հաղթական գնդակը գրանցվեց 44-րդ րոպեին, որի հեղինակը դարձավ Ֆիլ Ֆոդենը՝ եզրափակելով Կևին դե Բրոյնեի կատարած փոխանցումը։
Բելգիացի կիսապաշտպանը կատարած գոլային փոխանցումների քանակով աստիճանաբար մոտենում է Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ասիստենտ Հարի Քեյնին։ 29-ամյա կիսապշտպանն արդեն կատարել է 9 արդյունավետ փոխանցում, իսկ Քեյնի անվան դիմաց կա 11-ը։
Հատկանշական է, որ խաղավարտին մոտ՝ 90+2-րդ րոպեին, Ռահիմ Սթերլինգը կարող էր կրկնապատկել իր թիմի առավելությունը։ «Քաղաքաբնակները» 11-մետրանոց հարվածի իրավունք էին վաստակել, սակայն անգլիացի վինգերի հարվածը բարձր ստացվեց։
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակեց 32 միավոր, բարձրացավ 3-րդ հորիզոնական և ընդհուպ մոտեցավ 2-րդ հորիզոնականը զբաղեցնող «Լիվերպուլին», որի ակտիվում կա 33 միավոր։ Ի տարբերություն մերսիսայդյան ակումբի՝ «քաղաքաբնակները» մեկ հանդիպում էլ պակաս են անցկացրել, որը հաղթելու դեպքում կշրջանցեց Յուրգեն Կլոպի թիմին։ «Բրայթոնը» 14 միավորով 16-րդն է։
# ԱՊԼ, Բրայթոն, Լիվերպուլ, Մանչեսթեր-Սիթի, Ֆիլ Ֆոդեն