Սեգունդայի ֆենոմենը. Կալուդիո Բրավոյի անհավանական ռեկորդը գրանցած անհայտ դարպասապահը
Եթե կարծում եք` իսպանական Սեգունդայում չկա հետաքրքիր պայքար, տպավորիչ արդյունքներ գրանցող ակումբներ և ֆուտբոլիստներ, ապա չարաչար սխալվում եք։
«Բուրգոս» ակումբը, որի ընդհանուր տրանսֆերային արժեքը միայն 12 մլն եվրո է, անհավանական մենարկ է վերցրել Սեգունդայի 2022/23 մրցաշրջանում` առաջին 9 խաղերում բաց չթողնելով որևէ գոլ։
Իսպանիայի Կաստիլիա Լեոն ինքնավար համայնքը ներկայացնող ակումբն իր հիանալի մարզավիճակն ապացուցեց հոկտեմբերի 8-ին Սեգունդայի 9-րդ տուրում կայացած խաղում, երբ սեփական հարկի տակ 3:0 հաշվով ջախջախեց առաջնության առաջատար «Ալավեսին»։
«Բուրգոսի» 28-ամյա դարպասապահ Խոսե Անտոնիո Կարոն հայտնվել է ոչ միայն իսպանական, այլև միջազգային մամուլի գլխագրերում, քանի որ արդեն 810 րոպե անընդմեջ դարպասն անառիկ է պահել։
Փայլուն խաղի շնորհիվ Կարոն ճանաչվել է Սեգունդայի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
Բացի դրանից, իսպանացի դարպասապահն «Ալավեսի» դեմ խաղից հետո գերազանցել է Կլաուդիո Բրավոյի` 2014/15 մրցաշրջանում գրանցած անհավանան ռեկորդը, երբ «Բարսելոնայի» ձեռնոցները կրելիս Լա լիգայի մեկնարկում 755 րոպե անընդմեջ դարպասն անառիկ էր պահել։
Մինչ օրս իսպանական ֆուտբոլում այդ ցուցանիշը ռեկորդային էր առաջնությունների մեկնարկային խաղերի տեսանկյունից։
«Այս ամենը նման է ինչ-որ անեկդոտի։ Ճիշտ է` հաճելի է հայտնի լինել, սակայն ամենակարևորն ակումբն ու մեր գրանցած հաղթանակներն են»,- վերջերս անկեղծացել է 28-ամյա դարպասապահը։
Կարոն մոտ է նաև Բունդեսլիգայի և Ա սերիայի անընդմեջ «չոր» րոպեների քանակով ռեկորդային ցուցանիշները գերազանցելուն, որոնք պատկանում են համապատասխանաբար Տիմո Հիլդեբրանդին («Շտուտգարտ», 884 րոպե) և Ջանլուիջի Բուֆոնին («Յուվենտուս», 930 րոպե)։
Հատկանշական է, որ Լա լիգայի անընդմեջ «չոր» րոպեների քանակով ընդհանուր ռեկորդը պատկանում է «Ատլետիկո Մադրիդի» նախկին դարպասապահ Աբել Ռեսնոյին, ով 1990 թ. նոյեմբերի 25-ից մինչև 1991 թ. մարտի 17-ն ընկած ժամանակահատվածում գոլ բաց չի թողել ոչ ավել, ոչ պակաս 1227 րոպե։
Այդուհանդերձ, Խոսե Անտոնիո Կարոն չի մտածում որևէ ռեկորդ գերազանցելու մասին. «Ես հենց հիմա պատրաստ եմ ստորագրել այնպիսի փաստաթուղթ, որով կհաստատեմ, որ ցանկանում եմ գոլ բաց թողնել յուրաքանչյուր խաղում, սակայն «Բուրգոսը» պետք է դրանք բոլորը հաղթանակով ավարտի։ Որքան շատ հաղթանակներ, այնքան ավելի մոտ կլինենք մեր նպատակների իրականացմանը»,- նշել է 28-ամյա դարպասապահը։
Կարոն կարծում է, որ «Բուրգոսի» հաջողությունը հավաքական է.
«Գաղտնիքն ամենօրյա տքնաջան աշխատանքն է։ Որևէ առեղծված չկա, քանի որ բոլորն աշխատում են միասին։ Անհավատալի է այն նվիրվածությունը, աշխատասիրությունը և ընդհանուր ջանքերը, որոնք ես ամեն օր նկատում եմ այս թիմի հանդերձարանում»,- հավելել է իսպանացի դարպասապահը։
«Բուրգոսը» մարզում է 51-ամյա Խուան Կալերին, ով ժամանակին եղել է Ֆերնանդիո Հիերոյի (Իսպանիայի հավաքական և «Ռեալ Օվիեդո») և Խուլիեն Լոպետեգիի («Պորտու») օգնականը։ Նա կարողացավ 2020/21 մրցաշրջանում ակումբին 20 տարի անց երրորդ դիվիզիոնից բարձրացնել Սեգունդա, իսկ 2021/22 մրցաշրջանում զբաղեցնել 11-րդ հորիզոնականը։
Այժմ «Բուրգոսը» Սեգունդայի 2022/23 մրցաշրջանում անցկացրած 9 խաղերից հետո վաստակել է 15 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը` փորձելով պայքարել Լա լիգայի ուղեգրերի համար։
Այս համեստ ակումբի հաջողությունների հետևում կանգնած է Միգել Պերես Կուեստան, ով ֆուտբոլային հանրությանն առավել հայտնի է որպես Միչու։
Միչուն, ով այժմ «Բուրգոսի» սպորտային տնօրենն է, ժամանակին տոն էր տալիս անգլիական Պրեմիեր լիգայում, և երբ հանդես էր գալիս «Սուոնսի Սիթիի» կազմում, 2012/13 մրցաշրջանում մրցակիցների դարպասն ուղարկեց 18 գնդակ։
Միչուի օրոք վերակառուցվել է «Բուրգոսի» «Էլ Պլանտինո» մարզադաշտը, որն այժմ տեղավորում է 13 հազար հանդիսական, կառուցվել են ժամանակակից ֆուտբոլային ենթակառուցվածքներ, ինչի շնորհիվ էլ ակումբը պայքարում է 33 տարի անց Լա լիգա վերադառնալու համար, որի շրջանակում վերջին անգամ հանդես է եկել 1979/80 թվականին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# laliga, Լա-լիգա, Սեգունդա