Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը պատրաստ է 600 մլն եվրո ներդնել` Մբապեին ձեռք բերելու համար
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի ապագան շարունակում է մնալ անորոշ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Պարի Սեն-Ժերմենը» 24-ամյա հարձակվողին դուրս է թողել Ճապոնիայում կայանալիք շրջագայության հայտացուցակից։
Փարիզյան ակումբն իրեն դավաճանված է զգում Մբապեի կողմից և կասկածում է, որ վերջինս արդեն պայմանագիր է համաձայնեցրել «Ռեալ Մադրիդի» հետ, որ 2024 թ. ամռանն անվճար համալրի «սերուցքայինների» շարքերն, այդ պատճառով էլ տրանսֆերի է հանել 24-ամյա հարձակվողին։
RMC Sport-ի լրագրող Ֆաբրիս Հոքինսը հայտնում է, որ Մբապեի ծառայություններով հետաքրքրված է «Չելսին»։
Աղբյուրի փոխանցմամբ` «ազնվականներն» ուսումնասիրում են ֆրանսիացի ֆուտբոլիստին ձեռք բերելու տարբերակները, սակայն այդ հարցում դեռևս պաշտոնական առաջարկ չեն կատարել ՊՍԺ-ին։
Բացի «Չելսիից», Մբապեին իր շարքերում է ցանկանում տեսնել նաև Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալը», որը պատրաստ է նրան ձեռք բերելու համար ներդնել 600 մլն եվրո։
Նշվում է, որ «Ալ Հիլալը» պատրաստ է 24-ամյա գոլահարին առաջարկել 2 տարվա պայմանագիր` ընդհանուր 400 մլն եվրո աշխատավարձով։
Հաղորդվում է, որ սաուդարաբական ակումբը գործարքի դիմաց ՊՍԺ-ին կվճարի 200 մլն եվրո։
Հավելենք, որ Կիլիան Մբապեն «Պարի Սեն-Ժերմենի» կազմում հանդես է գալիս 2017 թ. օգոստոսից` անցկացրած 260 խաղում դառնալով 212 գոլի և 98 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ Հիլալ, Կիլիան-Մբապե, Չելսի, ՊՍԺ, տրանսֆերներ