Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը գերանհավանական աշխատավարձ է առաջարկել Մեսսիին
ՊՍԺ-ի հարձակվող Լեո Մեսսիի ապագան շարունակում է մնալ անորոշ։
Արգենտինացի հարձակվողի և փարիզյան ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ին և դեռևս պարզ չէ` Մեսսին ինչ որոշում կկայացնի ապագայի վերաբերյալ։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալը» պաշտոնական առաջարկ է կատարել 35-ամյա ֆուտբոլիստին, որը պատրաստ է վերջինիս տարեկան 400 մլն եվրո աշխատավարձ վճարել։
Այդուհանդերձ, Մեսսիի գլխավոր նպատակը շարունակում է մնալ կարիերան Եվրոպայում շարունակելը։
Մեսսին մտադիր է մինչև 2024 թ. կայանալիք Կոպա Ամերիկայի խաղարկությունը կարիերան շարունակել եվրոպական որևէ ակումբում։
Ռոմանոն հայտնում է, որ ՊՍԺ-ի առաջարկը նույնպես ուժի մեջ է, սակայն արգենտինացի հարձակվողը դեռևս չի շտապում այն ընդունել, քանի որ ցանկանում է հասկանալ ակումբի հետագա սպորտային ծրագրերը։
Դեռևս պարզ չէ, թե հաջորդ մրցաշրջանում ով է լինելու «Պարի Սեն-Ժերմենի» գլխավոր մարզիչը և ինչ կազմ կունենա ակումբն այդ ժամանակ։
Այս հարցերը դեռևս Մեսսիի համար լուրջ խոչընդոտ են ՊՍԺ-ի` պայմանագրի երկարաձգման առաջարկն ընդունելու համար։
Աղբյուրի փոխանցմամբ` խաղի մեջ է նաև «Բարսելոնան», որը փորձում է ֆինանսական միջոցներ հայթհայթել` Մեսսիին պայմանագրի առաջարկ կատարելու համար։
Ինսայդերը հաստատում է, որ «բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Խավին գրեթե ամեն օր զանգահարում է Մեսսիին` փորձելով նրան համոզել վերադառնալ հարազատ ակումբ։
Հատկանշական է, որ Մեսսիի` կատալոնական ակումբի շարքերը լքելուց հետո առաջին անգամ նման մակարդակով տեղեկություն կա, որ «Բարսելոնան» փորձելու է վերադարձնել նրան։
Հավելենք, որ Լեո Մեսսին «Բարսելոնայի» կազմում հանդես է եկել 2005-2021 թթ.` անցկացրած 778 խաղում դառնալով 672 գոլի և 303 գոլային փոխանցման հեղինակ։
Արգենտինացի ֆուտբոլիստը 2021 թ. ամռանն ազատ գործակալի կարգավիճակում համալրեց ՊՍԺ-ի շարքերը, որի կազմում մինչ օրս դաշտ է դուրս եկել 67 անգամ` դառնալով 29 գոլի և 32 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ Հիլալ, Բարսելոնա, Լեո Մեսսի, ՊՍԺ, Սաուդյան Արաբիայի առաջնություն, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո