Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը ծանուցագիր է ստացել` պատերազմ մեկնելու վերաբերյալ
Ռուսաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Դինիյար Բիլյալետդինովը պատերազմ մեկնելու վերաբերյալ ծանուցագիր է ստացել։
Այդ մասին հայտնել է նախկին ֆուտբոլիստի հայրը` Ռինատ Բիլյալետդինովը.
«Դինիյարն իսկապես ծանուցագիր է ստացել։
Դժվար է խոսել էմոցիաների մասին, քանի որ նա չի ծառայել բանակում, թեև սպորտային ուղղվածությամբ վաշտում է ծառայել։ Դա եղել է 19 տարի առաջ։
Այսինքն, նա մասնակցել է երդման արարողությանը և ծառայել սպորտային վաշտում։
Օրենքում նշված է, որ պետք է հավաքագրվեն մինչև 35 տարեկան մարդիկ, սակայն նա արդեն 37 է արդեն. այստեղ ինչ-որ անհամապատասխանություն կա։
Այժմ Դինիյարը փորձում է պարզել` արդյո՞ք այս ծանոցագիրն իրական է, թե` կեղծ, կամ միգուցե այն վաղաժամ է ուղարկվել։ Ամեն ինչ կարող է պատահել։
Եթե լիներ համընդհանուր մոբիլիզացիա, ապա հարցեր չէին առաջանա։ Քանի որ նախագահը մասնակի զորահավաք է հայտարարել, ամեն ինչ պետք է լինի օրենքի սահմաններում»,- Ռինատ Բիլյալետդինովի խոսքերը մեջբերում է Риа Новости Спорт-ը։
Նշենք, որ Դինիյար Բիլյալետդինովն առավել հայտնի է «Լոկոմոտիվի» (2004-09 թթ., 186 հանդիպում, 38 գոլ և 28 ասիստ), «Էվերտոնի» (2009-12 թթ., 77 հանդիպում, 9 գոլ, 12 ասիստ) և Ռուսաստանի հավաքականի (2005-2012 թթ., 46 հանդիպում, 6 գոլ, 2 ասիստ) կազմում ունեցած մրցելույթներով։
Նշենք, որ Բիլյալետդինովի վերջին ակումբը եղել է լիտվական «Տրակայը», որի կազմում հանդես է եկել 2017 թ. սեպտեմբերից մինչև 2019 թ. փետրվար, ինչից հետո ավարտել է պրոֆեսիոնալ կարիերան։
Հավելենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 21-ին հայտարարեց, որ երկրում մասնակի զորահավաք է իրականացվելու։
«Զինվորական ծառայության զորակոչին կենթարկվեն միայն այն քաղաքացիները, ովքեր ներկայումս գտնվում են պահեստազորում, առաջին հերթին, զինված ուժերում ծառայածները, որոնք ունեն որոշակի ռազմական մասնագիտություններ ու համապատասխան փորձ», – նշե է Պուտինը։
Հիշեցնենք, որ սույն թվականի փետրվարի 24-ից ընթանում է ռուս-ուկրաինական պատերազմը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դինիյար Բիլյալետդինով, Էվերտոն, Լոկոմոտիվ, Ռինատ Բիլյալետդինով, Ռուս-ուկրաինական պատերազմ, Ռուսաստանի հավաքական, Վլադիմիր Պուտին