Ռումինացի նախկին ֆուտբոլիստը 10 տարի անց կարողացել է ինքնուրույն սնվել🎥
Հոլանդական Էրեդիվիզան ներկայացնող «Ուտրեխտի» նախկին եզրային պաշտպան Միհայի Նեսուի հետ 2011 թվականի մայիսին դժբախտություն տեղի ունեցավ․ ակումբի հերթական մարզումներից մեկի ժամանակ ռումինացի ֆուտբոլիստը դաժան բախում ունեցավ իր թիմակից Ալյե Սհուտի հետ։
Նրան անմիջապես հոսպիտալացրին։ Նեսուն չէր կարողանում շարժել ո՛չ ձեռքերը, ո՛չ էլ ոտքերը, ինչպես նաև ոչինչ չէր զգում պարանոցից ներքև։ Բժշկակական հետազոտությունը նրա մոտ սարսափելի վնասվածք արձանագրեց․ պարանոցային ողնաշարի կոտրվածք, ինչը վերջ դրեց այդ ժամանակ դեռևս 28-ամյա ֆուտբոլիստի կարիերան։
2011 թվականի հունիսից նա սկսեց վերականգնողական տարբեր կուրսեր անցնել, սակայն անցնող 10 տարիների ընթացքում հաջողություններն այնքան էլ նշանակալի չեն եղել։ Անցնող տարիներին Նեսուի մոտ վերականգնվել են աջ ձեռքի ու ուսերի զգայունությունը, իսկ լավ եղանակներին նա անվասայլակի օգնությամբ կարողանում է դուրս գալ տանից և «զբոսնել», հատուկ մեքենայի օգնությամբ էլ նա կարողանում է կանգնել տեղից։
Սակայն 2021 թվականը Միհայ Նեսուն հիանալի առաջընթացով է մեկնարկել, քանի որ գրեթե 10 տարի անց նա կարողացել է ինքնուրույն սնվել։
Ռումինացի լրագրող Էմանուել Ռոշուն հունվարի 6-ին Twitter-ի իր օգտահաշվում տեսանյութ է հրապարակել՝ գրելով հետևյալը․
«Հիանալի նորություններ Միհայ Նեսուից։ «Ուտրեխտի» մարզման ժամանակ ստացած սարսափելի վնասվածքը նրան դարձրեց հաշմանդամ և վտանգի տակ դրեց նրա կյանքը, Միհայ Նեսուն այսօր՝ 10 տարի անց, կարողացել է ինքնուրույն սնվել։ Հրաշքներ կատարվում են»։
«Իմ գրաֆիկն արդեն 4 տարի է չի փոխվում։ Վերջին չորս ամիսներին օրվա ընթացքում երկու մարզում եմ անցկացնում։ Առավոտյան զբաղվում եմ հեծանիվով, ինչը հնարավորություն է տալիս շարժել իմ ձեռքերն ու ոտքերը, այնուհետև 15 րոպե սենսորային էկրանի վրա նկարում եմ շրջանակներ ու գծեր, իսկ ճաշից հետո մոտ 1։30-2 ժամ ֆիզիոթերապիա եմ անում։ Ես շարժում եմ այն, ինչը հնարավոր է ձեռքերով անել, իսկ թերապևտը մերսում է ոտքերս»,- վերջերս նշել է ռումինացի նախկին ֆուտբոլիստը, ում խոսքերը մեջբերում է Digisport-ը։
Նեսուն խոստովանել է, որ երբեք չի վրդովվել Ալյե Սհուտից․ «Ասել եմ նրան, որ նա մեղավոր չէ։ Դա պարզապես անհաջողություն էր, դժբախտություն։ Ես յուրաքանչյուր խաղում ստիպված եմ եղել հաղթահարել բազմաթիվ այսպիսի բախումներ»,- նշել է Նեսուն։
Հատկանշական է, որ «Ուտրեխտի» երկրպագուները և Միհայ Նեսուի նախկին խաղընկերները մինչ օրս սիմվոլիկ գումարներ են փոխանցում Օրեդայում (խմբ․՝ ֆուտբոլիստի ծննդավայրը) գործող ֆուտբոլիստի հիմնադրամին։ Այդ հիմնադրամի շնորհիվ Միհայը, ինչպես նաև ռումինացի բազմաթիվ երեխաներ, վերանագնողական կուրսեր են անցնում ստացած ծանր վնասվածքներից հետո։
Հավելենք, որ Միհայ Նեսուն հանդես է եկել ձախ պաշտպանի դիրքում և իր կարիերան սկսել է Ռումինայի ամենահեղինակավոր ակումբներից մեկի՝ «Ստյաուայի» կազմում, որտեղ հանդես է եկել 2001-2008 թվականներին, ինչից հետո տեղափովել է «Ուտրեխտ»։ Ֆուտբոլիստի կարիերան Նեսուն պաշտոնապես ավարտել է 2012 թվականի հուլիսին, երբ հայտնի դարձավ, որ նրա՝ խաղադաշտ վերադառնալը բացառված է։ Նա 2005-2010 թթ․ 8 հանդիպում է անցկացրել նաև Ռումինայի հավաքականի կազմում։ Վերջում ավելացնենք, որ Նեսուն հավաքականի կազմում իր դեբյուտային հանդիպումն անցկացրել է Հայաստանի հավաքականի դեմ ընկերական խաղում, որը կայացել է 2006 թվականի փետրվարի 28-ին, իսկ ռումինացիները հաղթել են 2։0 հաշվով։
# Ալյե Սհուտ, Էրեդիվիզիա, Միհայ Նեսու, Ուտրեխտ, Ռումինիայի հավաքական, Ստյաուա