Ռոնալդուն, հնարավոր է, արտաքսվի Սաուդյան Արաբիայից🎥
Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտնվել է լուրջ սկանդալի եզրին։
Բանն այն է, որ սաուդարաբական Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում կայացած «Ալ հիլալ» – «Ալ Նասր» (2:0) հանդիպումից հետո պորտուգալացի հարձակվողն անվայելուչ ժեստ է ցույց տվել այն բանից հետո, երբ տանտերերի երկրպագուներն սկսել են վանկարկել Լեո Մեսսիի անունը։
Ինչպես հայտնում է ESPN-ը, փաստաբան Նուֆ բին Ահմեդը, ով մասնագիտացած է միջազգային իրավունքի ոլորտում, հայտնել է, որ պորտուգալացու պահվածքի համար հայց է ներկայացրել դատախազություն։
«Նույնիսկ եթե ամբոխը սադրել է Ռոնալդուին, նա սխալ է արձագանքել։ Կրիշտիանուի պահվածքը հանցագործություն է, դա անպարկեշտ հրապարակային արարք է։ Սա այն հանցագործություններից է, որը հանգեցնում է ձերբակալության և արտաքսման, եթե այն կատարվել է օտարերկրացու կողմից», – ասել է բին Ահմեդը:
Բացի այդ, Ռոնալդուի պահվածքը քննարկվել է Սաուդյան Արաբիայի ամենահայտնի սպորտային ծրագրի՝ «Action ya Dawri»-ի ընթացքում։ Հաղորդման վարողը, ով կապ է հաստատել «Ալ Նասրի» աղբյուրների հետ, ասել է, որ Կրիշտիանուն նման ժեստ է թույլ տվել, քանի որ խաղի ժամանակ հարված է ստացել սեռական օրգաններին։
Մարզական լրագրող Օսման Աբու Բաքրը ֆուտբոլիստի պահվածքն անվանել է «անբարոյական և կոպիտ ժեստ հանդիսատեսի նկատմամբ» և կոչ արել խզել նրա հետ պայմանագիրը։
Հիշեցնենք, որ 38-ամյա ֆուտբոլիստն «Ալ Նասրի» շարքերը համալրել է 2023 թ. հունվարին և մինչ այժմ ակումբի կազմում անցկացրել է 13 հանդիպում` դառնալով 11 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ Հիլալ, Ալ Նասր, Լեո Մեսսի, Կրիշտիանու-Ռոնալդու