Ռոնալդինիոյին ազատ են արձակել
ՊՍԺ-ի, «Բարսելոնայի» և «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինիոն և նրա եղբայրը ազատ են արձակվել։
Երեկ՝ մարտի 5-ին, տեղեկատվություն տարածվեց, որ Ռոնալդինիոն Պարագվայում եղբոր և մեկ այլ անձնավորության հետ ձերբակալվել են՝ կեղծ փաստաթղթեր պահելու մեղադրանքով։ Հասկանալի չէ, թե լեգենդար նախկին խաղացողը ինչու է մոտը կեղծ փաստաթղթեր պահել, քանի որ նրա մոտից հայտնաբերվել է նաև բրազիլական անձնագիրը, որով նա կարող է ազատ ելումուտ անել Բրազիլիայից։
The Sun-ի տեղեկություններով նախկին խաղացողի փաստաբանները Պարագվայի պատկան մարմինների հետ շփման ժամանակ բացատրել են, որ այդ փաստաթղթերը նվեր է ստացել և որևէ կասկածելի դեպք չի եղել և որևէ իրավական ուժ չունի։ Ռոնալդինիոն նույնպես հաստատել է, որ դա պարզապես եղել է նվեր։ Խաղացողի պաշտպանները ակնարկել են, որ անձնագրային ստուգման ժամանակ նա պայուսակից հանել է առաջին պատահած փաստաթուղթը։
Ռոնալդինիոն և նրա եղբայրը ներկա պահին գտնվում են հյուրանոցում, սակայն դեռևս գտնվելու են ոստիկանների ուշադրության կենտրոնում։
«Եղբայրների նկատմամբ որևէ խափանման միջոց չի կիրառվելու և ազատ տեղաշարժ են ունենալու, սակայն Ռոնալդինիոն որոշել է դեռևս մնալ Պարագվայում և սպասել մինչև վերջնական վճիռ կայացնի դատարանը»,- նշել է 39-ամյա բրազիլացու ներկայացուցիչներից մեկը։
# Բարսելոնա, Միլան, ՊՍԺ, Ռոնալդինիո