Ռոման շոկի ենթարկեց Ատալանտային` Բերգամոյում ջախջախելով Գասպերինիի թիմին🎥
Իտալական Ա սերիայի 18-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընկալվելիս մրցեց «Ատալանտայի» դեմ։
«Գայլերը» շոկային մեկնարկ էին պատրաստել տանտերերի համար և արդեն 2-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը. անհատական անցումից հետո աչքի ընկավ Թեմի Աբրահամը։
Բերգամասկները դեռ ուշքի չէին եկել բաց թողած գոլից, երբ 27-րդ րոպեին «Ռոման» Նիկոլո Ձանիոլոյի ջանքերով կրկնապատկեց իր առավելությունը։
Այդուհանդերձ, Ջանպիերո Գասպերինիի թիմը նախքան ընդմիջման գնալը կրճատեց հաշվի տարբերությունը. 45+1-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Լուիս Մուրիելը։
Երկրորդ կեսը մեկնարկել և ընթանում էր «Ատալանտայի» ֆուտբոլիստների առավելությամբ, ովքեր 68-րդ րոպեին, ի վերջո, հավասարեցրին հաշվիը, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Մասիմիլիանո Իրատին Դուվան Սապատայի խփած գոլը խաղից դուրս իրավիճակի պատճառով չարձանագրեց։
Չարձանագրված գոլից հետո շատ չանցած` 72-րդ րոպեին, հռոմեական ակումբը վերականգնեց երկու գոլի առավելությունը. տուգանայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Քրիս Սմոլինգը։
82-րդ րոպեին էլ Թեմի Աբրահամը դրեց այս հանդիպման վերջակետը` դառնալով դուբլի հեղինակ և լուսատախտակին վառելով 4:1 հաշիվը։
հավելենք, որ «Ռոմայի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով փոխարինվեց 88-րդ րոպեին։
Այսպիսով, «Ռոման» 4:1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ատալանտայի» նկատմամբ, վաստակեց 31 միավոր` բարձրանալով 5-րդ հորիզոնական։
Բերգամոն ներկայացնող ակումբը մնաց 36 միավորով և եզրափակում է լավագույն եռյակը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ատալանտա, Թեմի-Աբրահամ, Ժոզե Մոուրինիո, Լուիս Մուրիել, Նիկոլո-Ձանիոլո, Ջանպիերո Գասպերինի, Ռոմա, Քրիս-Սմոլինգ