Մել Ռեշֆորդ․ «Երբեմն անգամ հացի կտոր չի եղել մեր տանը»
«Մանչեսթեր Յունայթեսի» ֆուտբոլիստ Մարկուս Ռեշֆորդի մայրը՝ Մել Ռեշֆորդը, BBC-ի նակարահանած ֆիլմում պատմել է ընտանիքի ֆինանսական խնդիրների մասին, երբ ապագա ֆուտբոլային աստղը դեռ երեխա էր։
«Երբեմն ես փակվում եմ իմ սենյակում և արտասվում՝ հիշելով, թե ինչ ունեինք նախկինում և ինչ ունենք հիմա։ Այժմ Մարկուսն ինձ ապահովում է ամեն ինչով, սակայն նախկինում երբեմն անգամ հացի կտոր չի եղել մեր տանը։
Ամաչում եմ խոսել այդ մասին, բայց դա, իրոք, այդպես է եղել։ Այդ իսկ պատճառով ես դեռ 21 տարեկանից ստիպված էի 3 տեղ աշխատել։ Ես պարզապես փորձել եմ աշխատել և գումար վաստակել։ Չի կարելի միայն աղոթել և ասել․ «Տեր Աստված, ես տառապում եմ»։
Իմ տառապանքների մասին ոչ ոք չի իմացել։ Ինձ համար ընդունելի չէր մեր ընտանեկան խնդիրների մասին պատմել ուրիշներին։
Սովորել էի ասել երեխաներին, որ ես արդեն կուշտ եմ, որովհետև նրանք ամեն անգամ հարցնում էին, թե որտեղ է իմ բաժին սնունդը։ Բայց իրականությունն այն էր, որ իմ բաժինը սնունդը, պարզապես, գոյություն չուներ։ Իմ երեխաների համար սնունդ կար, և դա ինձ լիովին բավարարում էր», – պատմում է Մել Ռեշֆորդը BBC-ի պատրաստած ֆիլմում։
Տեղեկացնենք, որ Մարկուս Ռեշֆորդը տարվա ընթացքում ստեղծել է մի քանի բարեգործական կազմակերպություններ, որոնց նպատակն է սննդով ապահովել համեմատաբար աղքատ ընտանիքների երեխաներին, ինչպես նաև Մեծ Բրիտիանիայի կառավարությանը «պարտադրեց», որպեսզի ամառային արձակուրդների ժամանակ նույնպես դրպոցները սննդով ապահովեն երեխաներին։
23-ամյա հարձակվողը, ծավալած բարեգործական գործունեության համար, արժանացել է BBC-ի հատուկ մրցանակին։
# BBC, Մանչեսթեր-Յունայթեդ, Մարկուս-Ռեշֆորդ, Մել Ռեշֆորդ