Ֆանտաստիկ Բենզեմա! Ֆրանսիացին հերոսացավ և ծանր հաղթանակ պարգևեց Ռեալին🎥
Իսպանական Լա լիգայի 27-րդ տուրի շրջանակում «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունեց վտանգավոր գոտու հարևանությամբ գտնվող «Էլչեին»։
Հանդիպման առաջին կեսն ամբողջությամբ անցավ «արքայական» ակումբի վերահսկողությամբ։ Զինեդին Զիդանի թիմն ուներ շոշափելի տարածքային առավելություն և գնդակին տիրում էին ժամանակի 59%-ը։ Բացի դրանից, «Ռեալի» ֆուտբոլիստները 7 անգամ հարվածեցին մրցակցի դարպասի ուղղությամբ, սակայն նրանց դիպուկությունն էր պակասում, քանի որ այդ հարվածներից միայն մեկը դիպուկ ստացվեց։
Ճիշտ է՝ «արքայական» ակումբն ուներ առավելություն, սակայն տանտերերի խաղում ընդհանրապես չկար սրություն։ Առաջին կեսի միակ կիսաիրական գոլային պահը 34-րդ րոպեին ուներ Կարիմ Բենզեման, սակայն ֆրանսիացի հարձակվողի հարվածը նպաստավոր դիրքից շեղ ստացվեց։
Ինչ վերաբերում է «Էլչեին», ապա Ֆրանսիսկո Էսկրիբանի թիմն, ընդհանրապես, որևէ հնարավորություն չուներ առաջին կեսում։
Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին 0։0 հաշվի պայմաններում։
Երկրորդ խաղակեսն էլ շատ անսպասելի մեկնարկեց «Էլչեի» ֆուտբոլիստների առավելությամբ։ 58-րդ րոպեին մոտ էր աչքի ընկնելուն Գվիդո Կարիլիոն, սակայն արգենտինացի հարձակվողի հարվածից հետո «Ռեալին» փրկեց Տիբո Կուրտուան։
Այն, ինչ չհաջողվեց անել Կարիլիոյին, 61-րդ րոպեին արեց հյուրերի կենտրոնական պաշտպան Դանի Կալվոն, ով անկյունայինի խաղարկումից հետո գլխի դիպուկ հարվածով բացեց խաղի հաշիվը։
Բաց թողած գնդակը մադրիդյան ակումբին սթափեցրեց։ Զինեդին Զիդանն անմիջապես եռակի փոփոխություն կատարեց․ Սերխիո Ռամոսի, Իսկոյի և Ֆեդե Վալվերդեի փոխարեն դաշտ մտան Ռոդրիգո Գոյեսը, Լուկա Մոդրիչն ու Տոնի Կրոսը։
Այդ փոփոխություններն ակնհայտ ակտիվացրին «Ռեալի» խաղը, ինչն էլ կարճ ժամանակ անց տվեց իր արդյունքը։ 73-րդ անկյունայինի խաղարկումից հետո Մոդրիչի կատարած փոխանցումից հետո Կարիմ Բենզեման հավասարեցրեց հաշիվը։
Խփած գնդակից հետո էլ «սերուցքայիններն» ունեին առավելություն, և կար երկար ժամանակ, որպեսզի հաղթանակ կորզեին, սակայն որոշ դրվագներում գնդակը պարզապես հրաշքով չէր հայտնվում հյուրերի դարպասում։ Հատկապես Կազեմիրոն երկու անգամ մոտ էր աչքի ընկնելուն, սակայն բրազիլացի հենակետայինի գլխով կատարած հարվածներից մեկը շեղ ստացվեց, մեկն էլ՝ բարձր։
Խաղը մոտենում էր ավարտին, «Ռեալի» ֆուտբոլիստները շտապում էին խփել հաղթական գնդակը, ինչն էլ հաջողվեց մադրիդյան ակումբի ֆուտբոլիստներին։
90+2-րդ րոպեին «արքայական» ակումբի կազմից կրկին հերոսացավ Կարիմ Բենզեման՝ ծանր հաղթանակ պարգևելով իր թիմին։
Այս հաղթանակից հետո մադրիդյան ակումբը վաստակեց 57 միավոր, շրջանցեց «Բարսելոնային» և ժամանակավորապես բարձրացավ 2-րդ հորիզոնական։
«Էլչեն» էլ 24 միավորով և մնաց 17-րդ հորիզոնականում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դանի Կալվո, Զինեդին-Զիդան, Էլչե, Լա լիգա, Կարիմ-Բենզեմա, Ռեալ Մադրիդ, Տիբո-Կուրտուա