Զիդան․ «Ազարը լավ վիճակում չէ․ ավելացնելու այլ բան չունեմ»
Մարտի 16-ին «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտում կմրցի «Ատալանտայի» դեմ։
Կողմերի միջև երեք շաբաթ առաջ կայացած խաղում «արքայական» ակումբը հյուրընկալվելիս հաղթել է 1։0 հաշվով։
Պատասխան խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Էդեն Ազարի վիճակի մասին․
«Ազարը լավ վիճակում չէ․ ավելացնելու այլ բան չունեմ։ Չեմ կարող դա ձեզ բացատրել։
Հուսով եմ՝ լուրջ բան չկա»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հատկանշական է, որ Բելգիացի ֆուտբոլիստը կրկին դուրս է մնացել էր «Ռեալի» հայտացուցակից, քանի որ նոր վնասվածք է վերջերս ստացել։ Մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը մարտի 15-ին հայտնեց, որ 30-ամյա ֆուտբոլիստը կրկին մկանային վնասվածք է ստացել։
Ավելի վաղ «սերուցքայինների» բուժանձնակազմը կանխատեսել էր, որ Ազարը գարնան սկզբին գոնե մասամբ կկարողանա միանալ մարզումային ընդհանուր խմբին, սակայն նա վնասվածքը վնասվածքի հետևից է ստանում։
Ըստ Transfermarkt.com-ի տեղեկությունների՝ Ազարը խաղադաշտ կվերադառնա մոտ մեկ ամսից՝ ապրիլի 16-ին։
Հիշեցնենք, որ Էդեն Ազարը «Ռեալի» շարքերը համալրել է 2019 թվականի ամռանը։ Այդ ժամանակ «արքայական» ակումբը բելգիացի ֆուտբոլիստի դիմաց «Չելսիին» վճարեց 115 մլն եվրո, սակայն մինչ այժմ նա «Ռեալի» մարզաշապիկով անցկացրել է ընդամենը 36 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
«Ռեալ» տեղափոխվելուց ի վեր Էդեն Ազարն այս վերջին վնասվածքն էլ ներառյալ արդեն ստացել է 11 վնասվածք, որոնց պատճառով բաց է թողել 352 օր կամ 54 հանդիպում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատալանտա, Զինեդին-Զիդան, Էդեն-Ազար, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ