Ռեալը շարունակում է վստահ մրցելույթները?
Իսպանական Լա լիգայի 31-րդ տուրի շրջանակում չեմպիոնության հավակնորդ «Ռեալը» սեփական հարկի տակ մրցեց «Մալյորկայի» դեմ՝ հաղթելով 2։0 հաշվով։
Հանդիպման առաջին խաղակեսում «Ռեալի» ֆուտբոլիստները ստեղծեցին մի շարք գոլային պահեր, սակայն կարողացան աչքի ընկնել ընդամենը մեկ անգամ։ Հանդիպման 19-րդ րոպեին «արքայական» ակումբի ֆուտբոլիստները մրցակցին «բռնեցին» հակագրոհի վրա։ Կազեմիրոն դաշտի կենտրոնում խլեց գնդակը Դանի Գարսիայից, ինչի այն հայտնվեց Ֆեդե Վալվերդեի մոտ, ով երկար փոխանցումով մրցակցի տուգանային հրապարակի մատույցներում գտավ Լուկա Մոդրիչին։ Խորվաթ ֆուտբոլիստն էլ հաշվենկատ փոխանցումով հարվածային դիրք դուրս բերեց Վինիսիուսին, վերջինս մոտ տարածությունից բացեց խաղի հաշիվը։
Հանդիպման 56-րդ րոպեին տանտերերը նպաստավոր դիրքում վաստակեցին տուգանային հարվածի իրավունք։ Գնդակին մոտեցավ «արքայական» ակումբի ավագ Սերխիո Ռամոսը, ով ֆանտաստիկ հարվածով հաշիվը դարձրեց 2։0։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում «Ռեալը» խաղը մոտեցրեց տրամաբանական ավարտին։
Այսպիսով, «Ռեալը» վաստակեց 68 միավոր և միավորների քանակով հավասարվեց «Բարսելոնային», սակայն անհատական խաղերում ավելի լավ արդյունքի շնորհիվ «արքայական» ակումբը դարձավ առաջնության առաջատար։ «Մայլորկան» 26 միավորով զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը։
# Լա-լիգա, Մալյորկա, Ռեալ Մադրիդ, Սերխիո-Ռամոս, Վինիսիուս