Ռեալը մտադիր է ամռանը կենտրոնական հարձակվող ձեռք բերել
«Ռեալ Մադրիդի» ղեկավարությունը դժգոհ է Կարիմ Բենզեմայի ոչ այնքան հաջող մրցելույթներից և մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ նոր կենտրոնական հարձակվող ձեռք բերել։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, «արքայական» ակումբի ղեկավարությունը դժգոհ է մնացել, հատկապես, Լա լիգայի 26-րդ տուրում «Բարսելոնայի» դեմ կայացած խաղում (1:2) Կարիմ Բենզեմայի ցուցադրած խաղից, որի ընթացքում ֆրանսիացի հարձակվողն ընդամենը երկու հարված է կատարել, 36 փոխանցումից միայն 29-ն է հասել հասցեատիրոջը, 1 անգամ էլ հաջող դրիբլինգի է դիմել։
Աղբյուրի փոխանցմամբ` «սերուցքայինների» ղեկավարությունն, առաջին հերթին, մտահոգ է 35-ամյա ֆուտբոլիստի ֆիզիկական վիճակի պատճառով, քանի որ վերջինս ընթացիկ մրցաշրջանում ստացել է արդեն 8 տարբեր վնասվածք, որոնց հետևանքով բաց է թողել 13 հանդիպում։
Ստեղծված իրավիճակում «Ռեալը» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ նոր թոփ հարձակվող ձեռք բերել, որի թեկնածուներից մեկը Դուշան Վլահովիչն է («Յուվենտուս»)։
Նշվում է, որ «արքայական» ակումբը 2024 թ. ամռանը ցանկանում է գնել Կիլիան Մբապեին (ՊՍԺ) կամ Էրլինգ Հոլանդին («Մանչեսթեր Սիթի»)։
Հատկանշական է, որ նորվեգացի հարձակվողի և «Մանչեսթեր Սիթիի» միջև գործող պայմանագրում կա նաև հրաժարագնի կետ, որը 2024 թ. հուլիսի 1-ից հետո լինելու է 180 մլն եվրո։
Ինչ վերաբերում է Կիլիան Մբապեին, ապա վերջինիս գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2025 թ. հունիսի 30-ին, սակայն այն ներառում է հատուկ կետ, որը ֆրանսիացի հարձակվողին թույլ կտա 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո ստանալ ազատ գործակալի կարգավիճակ։
Հավելենք, որ Կարիմ Բենզեման «Ռեալի» կազմում հանդես է գալիս 2009 թ. հուլիսից` անցկացրած 634 խաղում դառնալով 342 գոլի և 164 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Դուշան Վլահովիչ, Էլ Կլասիկո, Էրլինգ Հալանդ, Լա-լիգա, Կարիմ-Բենզեմա, Կիլիան-Մբապե, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ