Ռեալը Մարսելոյին փոխարինելու երկու տարբերակ է դիտարկում
«Ռեալ Մադրիդը» չի պատրաստվում խոշոր գումար ծախսել թիմի ձախ պաշտպան Մարսելոյին փոխարինելու համար, ում գործող պայմանագիրն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին, ինչից հետո ազատ գործակալի կարգավիճակով հեռանալու է ակումբից։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «արքայական» ակումբի մարզչական շտաբը բրազիլացի ֆուտբոլիստին փոխարինելու երկու տարբերակ է դիտարկում։
Առաջինը «Ռեալի» երիտասարդական թիմի` «Կաստիլիայի» պաշտպան Միգել Գուտիերեսն է, ով ընթացիկ մրցաշրջանի մեկնարկում 4 հանդիպման մասնակցել է մադրիդյան ակումբի գլխավոր թիմի կազմում ու դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ։
Այդուհանդերձ, «սերուցքայինների» մարզչական շտաբը դեռևս կասկածներ ունի 20-ամյա ֆուտբոլիստի պաշտպանողական որակների հարցում, այդ պատճառով էլ մեծ է հավանականությունը, որ Գուտիերեսն ամռանը վարձավճարով կտեղափոխվի այլ ակումբ` կայուն խաղաժամանակ ստանալու և խաղային առաջընթացի համար։
Հաջորդ տարբերակը «Ռայո Վալեկանոյի» պաշտպան Ֆրան Գարսիան է։
22-ամյա ֆուտբոլիստը «Ռեալի» սան է ու 2020 թ. սեպտեմբերից հանդես է գալիս «Ռայոյի» կազմում, սակայն նրա տրանսֆերային իրավունքների 50%-ը շարունակում է պատկանել «արքայական» ակումբին, որը նաև նրան հետ գնելու անմիջական իրավունք ունի։ Այդ գործարքը մադրիդցիների համար կարժենա մոտ 5 մլն եվրո։
Հաղորդվում է` ներկա պահին ավելի հավանական է, որ «Ռեալն» ընտրություն կկատարի հենց Գարսիայի վրա, ով ընթացիկ մրցաշրջանում «Ռայո Վալեկանոյի» կազմում անցկացրել է 31 հանդիպում` դառնալով 1 գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Մարսելո, Միգել Գուտիերես, Ռայո Վալեկանո, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆրան Գարսիա