Վարանը Ռամոսի գործը վերցրեց իր ձեռքը․ Ռեալը խուսափեց հերթական խոշոր անակնկալից🎥
Իսպանական Լա լիգայի 22-րդ տուրի շրջանակում առաջնության գործող չեմպիոն «Ռեալը» հյուրընկալվելիս մրցեց ընթացիկ մրցաշրջանի հետնապահ «Ուեսկայի» դեմ։
Ինչպես և սպասվում էր, Զինեդին Զիդանի թիմը տիրեց նախաձեռնությանը․ «արքայական» ակումբն ավելի շատ էր տիրում գնդակին, սակայն «Ռեալի» խաղում սրություն չկար։
Առաջին խաղակեսի միակ իրական գոլային պահը գրանցվեց 34-րդ րոպեին, երբ Կարիմ Բենզեմայի՝ նպաստավոր դիրքից կատարած հարվածից հետո «Ուեսկային» փրկեց դարպասպահ Ալվար Ֆերնանդեսը։
Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին 0։0 հաշվի պայմաններում, իսկ երկրորդ կեսը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ 48-րդ րոպեին, «Ուեսկայի» ֆուտբոլիստները, օգտվելով մադրիդյան ակումբի պաշտպանության ձախողումից, բացեցին խաղի հաշիվը։ Գեղեցկագույն գոլի հեղինակ դրաձավ Խավի Գալանը։
Այդ գոլը կարծես թե սթափեցրեց «Ռեալին», որի ֆուտբոլիստները աստիճանաբար մեծացրին ճնշումը և հաջողությունը երկար սպասեցնել չտվեց։
55-րդ րոպեին «սերուցքայինները» տուգանային հարվածի իրավունք էին վաստակել։ Կարիմ Բենզեման մոտեցավ գնդակին, հարվածեց, ինչից հետո «Ուեսկային» փրկեց դարպասաձողը, որից էլ անդրադարձած գնդակը մրցակցի դարպասն ուղարկեց Ռաֆայել Վարանը։
Խփած գոլից հետո էլ Զիդանի սաները բավական մեծ ոգևորությամբ էին խաղում, ունեին լուրջ առավելություն և գոլը հասունանում էր, որը, գրանցվեց արդեն խաղավերջում՝ 84-րդ րոպեին։
Հերթական տուգանային հարվածն այս անգամ իրացրեց Տոնի Կրոսը, ում փոխանցումից հետո Կազեմիրոն հարվածեց, սակայն Ալվարո Ֆերնանդեսը փրկեց իր թիմին, իսկ վրա հասած Ռաֆայել Վարանը գրավեց դարպասը։ Ֆրանսիացի պաշտպանն այս խաղում արդեն երկրորդ անգամ ճիշտ պահին հայտնվեց ճիշտ տեղում՝ դառնալով դուբլի հեղինակ։
Հանդիպման վերջնամասում «արքայական» ակումբը հանգստացրեց խաղը և մոտեցրեց այն իր տրամաբանական ու հաղթական ավարտին։
Այսպիսով, «Ռեալը» վաստկակեց 43 միավոր, շրջանցեց «Բարսելոնային» և ժամանակավորապես բարձրացավ 2-րդ հորիզոնական։ «Ուեսկան» էլ 16 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Զինեդին-Զիդան, Լա-լիգա, Խավի Գալան, Կարիմ-Բենզեմա, Ուեսկա, Ռաֆայել-Վարան, Ռեալ Մադրիդ