Անհավանական. 13-ամյա ֆուտբոլիստն ԱՄՆ-ում մեծահասակների պաշտոնական հանդիպման է մասնակցել
ԱՄՆ երկրորդ դիվիզիոնի (խմբ.` USL Championship) կանոնավոր առաջնության 28-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մոնարքսը» սեփական հարկի մրցել է «Կոլորադո Սպրինգսի» դեմ. գրանցվել է 0:0 հաշիվը։
Այդ խաղում անհավանական իրադարձություն է տեղի ունեցել. «Ռեալ Մոնարքսի» կազմում 61-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել 13-ամյա ֆուտբոլիստ Աքսել Քեին։
Ինչպես տեղեկացնում է ՄԼՍ-ի պաշտոնական կայքը, Աքսել Քեին հանդիպման օրը` 2021 թ. հոկտեմբերի 9-ին, եղել է 13 տարեկան, 9 ամսական և 9 օրական ու դարձել ԱՄՆ-ում պրոֆեսիոնալ ֆուտբոլային հանդիպման երբևէ մասնակցած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։
Նշենք, որ «Ռեալ Մոնարքսը» համարվում է ՄԼՍ-ը ներկայացնող «Ռեալ Սոլթ Լեյք Սիթի» ակումբի երիտասարդական թիմը։
Աքսել Քեին կարող է դառնալ ՄԼՍ-ը ներկայացնող ակումբի հետ պրոֆեսիոնալ պայմանագիր կնքած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։
Այդ ռեկորդը պատկանում է Ֆրեդի Ադուին, ով 2004 թ. «Դի Սի Յունայթեդի» հետ պայմանագիր է կնքել 14 տարեկան և 168 օրական հասակում։
Հատկանշական է, որ եվրոպական ֆուտբոլում էլ որևէ ֆուտբոլիստ չկա, ով նման վաղ տարիքում նորամուտն է նշել մեծահասակաների պրոֆեսիոնալ մրցաշարերում։
Անգլիական Պրեմիեր լիգայում այդ ռեկորդը պատկանում է Հարվի Էլիոթին («Լիվերպուլ», 16 տարեկան և 30 օրական), գերմանական Բունդեսլիգայում` Յուսուֆա Մուկոկոյին («Բորուսիա Դորտմունդ, 16 տարեկան և 1 օրական), իսպանական Լա լիգայում` Լուկա Ռոմերոյին («Մալյորկա»,15 տարեկան և 291 օրական), իսկ իտալական Ա սերիայում` Վիզդոմ Ամիին («Բոլոնիա», 15 տարեկան և 274 օրական)։
Հավելենք, որ «Ռեալ Մոնարքսը» USL Championshp-ի շրջանակում անցկացրած 28 խաղից հետո վաստակել է ընդամենը 18 միավոր և Արևմտյան կոնֆերենցիայում, 15 թիմերի միջև պայքարում, զբաղեցնում է վերջին հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# USL Championship, Աքսել Քեի, Լուկա Ռոմերո, Հարվի Էլիոթ, ՄԼՍ, Յուսուֆա Մուկոկո, Ռեալ Մոնարքս, Ռեալ Սոլթ Լեյք Սիթի, Վիզդոմ Ամի