«Նույն կիրքը»․ Ռեալի կանանց թիմի ֆուտբոլիստուհին «պայթեցրել» է Twitter-ը
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ 3։1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Լիվերպուլի» նկատմամբ։
Խաղից հետո «Ռեալի» կանանց թիմի դարպասապահ Մարիա Իզաբել Ռոդրիգեսը կամ պարզապես Միսան Twitter-ի իր օգտահաշվում երկու լուսանկարից և երկտողից բաղկացած գրառում կատարեց․ լուսանկարներից մեկում Մարկո Ասենսիոն է, ով տոնում է մերսիսայդյան ակումբի դարպասն ուղարկած իր գոլը, իսկ մյուս լուսանկարում՝ Միսան է՝ տոնելով իր թիմի հաջողություններից մեկը։
Դարպասապահը գրառմանը կցել է նաև հետևյալ երկտողը․
«Նույն կիրքը»։
Մարիա Իզաբելը Twitter-ի այլ օգտատերերի կողմից ստանում էր բազմաթիվ կարծրատիպային մեկնաբանություններ, ինչի պատճառով ստիպված էր հեռացնել այդ գրառումը:
Մասնավորապես նա հիմնականում ստանում էր հետևյալ բովանդակությամբ մեկնաբանություններ․
«Աստված իմ, պարզապես հիմարություն է կանանց ֆուտբոլը համեմատել տղամարդկանց խաղի հետ»։
Այդ ամենից հետո օգնության հասավ անձամբ Մարկո Ասենսիոն։ 25-ամյա ֆուտբոլիստը Twitter-ի իր օգտահաշվում նմանատիպ լուսանկարներով գրառում կատարեց՝ գրելով․
«Նույն կիրքը։ Թող ոչ ոք երբեք ձեզ չխանգարի ասել և արտահայտել այն, ինչ ցանկանում եք»։
Ասենսիոյի այդ գրառումը «վարակեց» «Ռեալի» ներկա ու նախկին մի շարք ֆուտբոլիստների։ Իրենց օգտահաշիվներում գրառումներ կատարեցին Մարսելոն, Դանի Կարվախալը, Լուկաս Վասկեսը և Էստեբան Գրաներոն։
Այդ ամենը վերածվեց ֆլեշմոբի և Մարիա Իզաբելին սկսեցին աջակցել նույնիսկ տարբեր ակումբներ։
Ֆլեշմոբին միացան «Լևանտեն», «Լեգանեսը», «Էլչեն», «Վիլյառեալը», «Ատլետիկոն»։
Հատկանշական է, որ Միսան իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է հենց «Ատլետիկոյի» կազմում։
Այդ ֆլեշմոբը դուրս է եկել նաև Իսպանիայի սահմաններից, որին միացել են «Տոտենհեմը», «Այնտրախտը», «Բենֆիկան» և Արգենտինայի հավաքականը։
Ամենահետաքրքիրն այն է, որ ֆլեշմոբին միացել է նաև «Բարսելոնան», որը գրառումը կատարելիս օգտագործել է Լեո Մեսսիի և կանանց թիմի ֆուտբոլիստ Մարիոն Կալդենտեի լուսանկարները։
Մարիա Իզաբել Ռոդրիգեսը հայտնվել է նաև իսպանական հեղինակավոր Marca պարբերականի ապրիլի 8-ի համարի առաջին էջում։
Ինչ վերաբերում է Միսային, ապա նա վերականգնել է արդեն իր գրառումը՝ գրելով հետևյալը․
«Ի սրտե շնորհակալ եմ բոլորից
#MismaPasion (խմբ․՝ հայերեն – Նույն կիքրը)։
Գրառումն արդեն հավաքել է 101 հազար like և 10 հազարից ավել retweet:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այնտրախտ, Ատլետիկո Մադրիդ, Արգենտինայի հավաքական, Բարսելոնա, բենֆիկա, Դանի Կարվախալ, Էլչե, Էստեբան Գրաներո, Լեգանես, Լևանտե, Լիվերպուլ, Լուկաս Վասկես, Մարիա Իզաբել Ռոդրիգես, Մարկո Ասենսիո, Մարսելո, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Ռեալի կանանց թիմ, Վիլյառեալ, Տոտենհեմ