Պոչետինո. «Մեր երազանքն է Եվրոպայում դառնալ լավագույնը»
Սեպտեմբերի 28-ին Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում ՊՍԺ-ն A խմբի շրջանակում սեփական հարկի տակ կմրցի «Մանչեսթեր Սիթիի» դեմ։
Հանդիպումից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կիսվել է իր տպավորություններով.
«Այն, որ մեր թիմը նոր է կառուցվում, փաստ է։ Եկեք առողջ դատենք և հետ հայացք գցենք պատմությանը։ ՊՍԺ-ն կառուցման փուլում է։ Այս հարցում քննարկման որևէ այլ բան չկա։
«Մանչեսթեր Սիթին» աշխատում է, ըստ իս, աշխարհի լավագույն գլխավոր մարզչի` Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ։ Նրանց ակումբը ցանկանում է հաղթել Չեմպիոնների լիգան, սակայն այն ակումբների ցանկը, որոնք ի զորու են հաղթել այդ մրցաշարը, ես կավելացնեի ևս մի քանիսին։ Ընդհանուր մոտ 15 ակումբներ կան, որոնք կարող են հաղթել ՉԼ-ն։
Մեր երազանքն է Եվրոպայում դառնալ լավագույնը և հաղթել Չեմպիոնների լիգան։ ՊՍԺ-ն արդեն 50 տարեկան է և այն մշտապես նպատակ է հետապնդել Եվրոպայում հաստատվել որպես լավագույններից մեկը։ Այդ գործընթացը պահանջում է ժամանակ, համբերատարություն և ներդրումներ։
Այդ տեսանկյունից «Սիթին» առաջ է անցել «Պարի Սեն-Ժերմենից», սակայն առանձին վերցրած խաղում ամեն ինչ կարող է պատահել։
Մենք կփորձենք նրանց խաղում խոցելի տեղեր գտնել և օգտագործել մեր ուժեղ կողմերը»,- արգենտինացի մասնագետի խոսքերը մեջբերում է ESPN-ը։
Հավելենք, որ ՊՍԺ – «Սիթի» հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Մանչեսթեր-Սիթի, Մաուրիսիո-Պոչետինո, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ