Պետրակով. «Ամոթ էր պարտվել այս խաղում»
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը կայացած մամուլի ասուլիսում նշել է, որ Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի երկրորդ տուրում ամոթ էր պարտվել Հյուսիսային Մակեդոնիային.
«Չէի ճանաչում իմ թիմին։ Ամբողջ հանդիպման ընթացքում խոսում էի ֆուտբոլիստների հետ։ Նրանք չկատարեցին այն առադրանքները, որոնք ստացել էին, բայց նրանց ասել եմ, որ պետք չէ ընկճվել, քանի որ պարտություններին միշտ հաջորդում են հաղթանակները։
Ամոթ էր պարտվել այս խաղում։ Առհասարակ, ես ամաչում եմ մեր ցուցադրած խաղի համար։ Առաջին հերթին, սա իմ ամոթն էր։ Լատվիայի դեմ խաղից (4-1) հետ խնդրեցի շատ չգովալ ֆուտբոլիստներին, իսկ այժմ խնդրում եմ` շատ չքննադատել նրանց։ Պարտության ամբողջ մեղքն իմն էր։ Որևէ ֆուտբոլիստ չպետք է մեղադրվի պարտության համար։
Հյուսիսային Մակեդոնիայի դեմ տնային խաղը վճռորոշ է լինելու` խմբում հաղթողին պարզելու համար, սակայն մեզ չի բավականացնում կայունությունը։ Չենք կարողանում նույն մակարդակի երկու անընդմեջ հանդիպում անցկացնել։ Պետք է շատ ռոտացիա կիրառենք։ Խաղում էին Ռանոսն ու Սևիկյանը, որոնք խաղային պրակտիայի պակաս ունեն, բայց այլ տարբերակ էլ չունենք։
Հյուսիսային Մակեդոնիային ընդունելու ենք արդեն հոկտեմբերի 13-ին։ Դա պետք է որ ռևանշ լինի, եթե մենք տղամարդկային հատկանիշներ ունենք։
Եթե ֆուտբոլիստները կայուն խաղային պրակտիկա ունենան, մեր թիմի խաղը կբարելավվի։ Ռանոսին ասել եմ վարձավճարով այլ ակումբ տեղափոխվի, բայց նա չի ցանկանում` պատճառաբանելով, որ առաջին թիմի 22 ֆուտբոլիստների շարքում է և սպասում է իր շանսին, ցանկանում է խաղալ «Բորուսիայում»։
Սևիկյանը դեպքը մի փոքր այլ էր։ «Ֆերենցվարոշում» 37 ֆուտբոլիստ կա, իսկ մարզիչը չէր խաղացնում նրան, ստիպված էր նոր ակումբ փնտրել»,- ուկրաինացի մասնագետի խոսքը մեջբերում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Հյուսիսային Մակեդոնիային պարտվել է 0:2 հաշվով։ Մրցակիցը հաղթական գոլերը խփել է 10 ֆուտբոլիստներով. 70-րդ րոպեին տուգանայինից կատարած շքեղ հարվածով աչքի ընկավ թիմի ավագ Էնիս Բարդին, իսկ 78-րդ րոպեին կտրուկ հակագրոհը եզրափակեց «Ժիրոնայի» նորեկ Բոյան Միյովսկին։ 45+2-րդ րոպեին հյուսիսմակեդոնացիներից դաշտից հեռացվել էր պաշտպան Գյոկո Զայկովը։
Ալեքսանդր Պետրակովի գլխավորած հավաքականն Ազգերի լիգայում հաջորդ հանդիպումն անցկացնելու է հոկտեմբերի 10-ին և Տորսհավնում մրցելու է Ֆարերյան կղզիների դեմ, հոկտեմբերի 13-ին էլ Երևանում ընդունելու է Հյուսիսային Մակեդոնիային։
C դիվիզիոնի չորրորդ խմբի մրցաշարային աղյուսակն այժմ ունի հետևյալ տեսքը.
- Հյ. Մակեդոնիա – 4 միավոր
- Հայաստան – 3
- Լատվիա – 3
- Ֆարերյան կղզիներ – 1
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից։
# Ազգերի լիգա, Ալեքսանդր Պետրակով, Հայաստանի-հավաքական, Հյուսիսային Մակեդոնա-Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիայի հավաքական