Կարմիր քարտ, բախում Լիլի պաշտպանի հետ․ Նեյմարը կրկին ուշադրության կենտրոնում է հայտնվել🎥
Ֆրանսիական Լիգա 1-ի 31-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում, որտեղ մրցեցին մրցաշարային աղյուսակի երկու առաջատարները՝ ՊՍԺ-ն ու «Լիլը»։
Փարիզյան ակումբը ունենալով տարածքային հսկայական առավելություն՝ չկարողացավ խաղում խուսափել պարտությունից։ «Լիլն» էլ հաղթեց 1։0 հաշվով, իսկ հաղթական գնդակը 20-րդ րոպեին խփեց 21-ամյա կանադացի հարձակվող Ջոնաթան Դևիդը։
Այս հաղթանակի շնորհիվ Քրիստոֆ Գալտյեի թիմը վաստակեց 66 միավոր, շրջանցեց ՊՍԺ-ին և կրկին գլխավորեց Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը։
Հանդիպման ամենահետաքրքիր և սկանդալային դրվագը տեղի ունեցավ 90-րդ րոպեին, ինչից հետո «Պարի Սեն-Ժերմենի» հարձակվող Նեյմարը կրկին հայտնվեց ուշադրության կենտրոնում։
Բրազիլացի ֆուտբոլիստը փորձեց շրջանցել «Լիլի» պաշտպան Տիագու Ջալոյին, սակայն սայթաքեց և ընկավ, ինչից հետո գնդակը հայտնվեց պորտուգալացի ֆուտբոլիստի մոտ, իսկ այնուհետև կողմերի միջև մենապայքարից հետո հատեց դաշտի եզրային գիծը՝ վերջինը դիպչելով Ջալոյին։
Նեյմարն էլ շտապեց գնդակը մտցնել խաղի մեջ և միտումնավոր մի քանի անգամ հարվածեց 20-ամյա ֆուտբոլիստին, ինչից հետո Ջալոն հայտնվեց խոտածածկին։
Հանդիպման գլխավոր մրցավար Բենուա Բաստյենն անմիջապես Նեյմարին երկրորդ անգամ այս խաղում պատժեց դեղին քարտով՝ հեռացնելով նրան դաշտից։
Այդ դրվագում Տիագու Ջալոն նույնպես բորբոքվեց, հարձակվեց Նեյմարի վրա և երկրորդ դեղին քարտը ստացավ՝ նույնպես հեռացվելով դաշտից։
Հատկանշական է, որ կողմերի միջև վեճը շարունակվել է մարզադաշտի թունելում, որտեղ Նեյմարը հարձակվել է Ջալոյի վրա, սակայն նրան անմիջապես հանգստացրել են։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լիգա-1, Լիլ, Նեյմար, ՊՍԺ, Ջոնաթան Դևիդ, Տիագու Ջալո, Քրիստոֆ Գալտյե