Պաշտոնական. Ռաֆայել Վարանն ավարտեց միջազգային կարիերան
«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը սոցցանցերի իր էջերում գրառում է կատարել` հայտարարելով, որ ավարտում է միջազգային կարիերան և այլևս հանդես չի գա Ֆրանսիայի հավաքականի կազմում.
«Մեկ տասնամյակ մեր հիասքանչ երկիրը ներկայացնելը, թերեւս, իմ կյանքի մեծագույն պատիվն էր։ Ամեն անգամ, երբ կրում էի ազգային հավաքականի մարզաշապիկը, մեծ հպարտություն էի զգում: Մի քանի ամիս մտածել եմ և որոշեցի, որ ժամանակն է` ավարտեմ միջազգային կարիերաս։
Երբեք չեմ մոռանա, թե ինչպես 2018 թ. աշխարհի գավաթը բերեցինք մեր երկիր։ Մինչ այժմ հիշում եմ այն էմոցիաները, որոնք զգացել եմ այդ օրը։ Դա կյանքիս ամենահիշարժան և ամենաէմոցիոնալ պահերից մեկն էր։
Այդ հաղթանակը, որը մենք միասին ենք կերտել, երբեք հնարավոր չէր լինի առանց Դիդիե Դեշամի, մեր անձնակազմի յուրաքանչյուր անդամի, իմ թիմակիցների, ովքեր կրում էին այս մարզաշապիկը յուրաքանչյուր խաղում:
Սակայն, ամենակարևորն այն է, որ այդ հաղթանակը կյանքի չէր կոչվի առանց երկրպագուների աջակցության։ Նույնիսկ նախորդ տարի աշխարհի առաջնության եզրափակիչում պարտվելուց հետո դուք մեզ դիմավորեցիք ինչպես հերոսների։ Ձեզնից յուրաքանչյուրին ես հազար անգամ ասում եմ շնորհակալություն։
Անկասկած` ես կկարոտեմ այդ պահերը, սակայն ժամանակն է եկել, որպեսզի իմ տեղը զբաղեցնեն երիտասարդները։
Մենք ունենք տաղանդավոր երիտասարդ խաղացողներ, ովքեր պատրաստ են պատասխանատվություն ստանձնել և շանս ստանալ»,- գրել է Վարանը։
Նշենք, որ Ռաֆայել Վարանը «եռագույնների» կազմում հանդես էր գալիս 2013 թ. մարտից` անցկացրած 93 խաղում դառնալով 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Վարանը Ֆրանսիայի հավաքականի կազմում 2018 թ. դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ 2021 թ.` Ազգերի լիգայի հաղթող։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ռաֆայել-Վարան, Ֆրանսիայի հավաքական