Պաշտոնական. ԱՊԼ-ն Ման. Սիթիին մեղադրել է ֆինանսական խարդախություններ կատարելու համար
Անգլիական Պրեմիեր լիգան «Մանչեսթեր Սիթիին» մեղադրել է բազմաթիվ ֆինանսական խարդախություններ ու խախտումներ թույլ տալու համար։
Պրեմիեր լիգան իր պաշտոնական կայքում հրապարակել է համապատասխան հանձնաժողովի կողմից անցկացված հետաքննության արդյունքներն, ըստ որի, 2009/10 – 2017/18 մրցաշրջանների ընթացքում «Մանչեսթեր Սիթին» թույլ է տվել ավելի քան 100 ֆինանսական խախտումներ։
Հետաքննությունը տևել է 4 տարուց ավելի, որն սկսվել էր 2018 թ. դեկտեմբերին գերմանական Der Spiegel թերթի հրապարման հիման վրա։
Աղբյուրի փոխանցմամբ` վերոնշյալ մրցաշրջաններից յուրաքանչյուրում «Մանչեսթեր Սիթին» ակումբի ֆինանսական վիճակի մասին չի ներկայացրել ճշգրիտ տեղեկություններ։
Խոսքը, մասնավորապես, ակումբի ունեցած շահույթի (այդ թվում՝ հովանավորներից ստացված եկամուտների) և գործառնական ծախսերի մասին է։
Պրեմիեր լիգան հայտնում է նաև, որ 2009/10 – 2012/13 մրցաշրջանների ընթացքում «Մանչեսթեր Սիթին» չի ներկայացրել իր մարզիչների աշխատավարձերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն։
Նմանատիպ խախտում 2010/11 – 2015/16 մրցաշրջանների ընթացքում կատարվել է նաև մի շարք ֆուտբոլիստների աշխատավարձի դեպքում։
Նշվում է, որ 2013/14, 2014/15 և 2017/18 մրցաշրջաններում «Մանչեսթեր Սիթին» խախտել է ՈւԵՖԱ-ի ակումբների արտոնագրման և ֆինանսական fair-play-ի կանոնները։
Հաղորդվում է, որ 2015/16-ից մինչև 2017/18 մրցաշրջաններից յուրաքանչյուրի ընթացքում ակումբը խախտել է Պրեմիեր լիգայի շահույթի և կայունության կանոնները։
Բացի այդ, 2018 թվականի դեկտեմբերից մինչ օրս «Մանչեսթեր Սիթին» չի համագործակցել Պրեմիեր լիգայի հետ վերոնշյալ հետաքննության անցկացման ընթացքում և չի տրամադրել անհրաժեշտ փաստաթղթերը, թեև Պրեմիեր լիգայի կանոնադրությունը հենց դա է պահանջում։
Վերջում ավելացնենք, որ այս հարցի շուրջ դատավարություն է տեղի ունենալու, որն անցակցվելու է գաղտնի և դռնփակ պայմաններում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Մանչեսթեր-Սիթի