Game, set and match! Չելսին ֆանտաստիկ էր` նվաճելով Չեմպիոնների լիգան🎥

Game, set and match! Չելսին ֆանտաստիկ էր` նվաճելով Չեմպիոնների լիգան🎥

30/05/2021 - 00:56

Պորտուգալիայի Պորտու քաղաքի «Դրագաու» մարզադաշտում կայացավ Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին»։

Հանդիպումը մեկնարկեց անհավանական տեմպով՝ երկու ակումբների փոխնիփոխ գրոհներով։ Հաջողությանն ավելի մոտ էին «Չելսիի» ֆուտբոլիստները․ միայն Տիմո Վերները երկու անգամ վրիպեց նպաստավոր դիրքերից՝ գործելով շատ անհաջող։

«Սիթիի» ֆուտբոլիստներն էլ փորձում էին հետ չմնալ մրցակցից՝ նույնպես գործելով բավական սուր, սակայն թե՛ Ռահիմ Սթերլինգը և թե՛ Ֆիլ Ֆոդենը վատնեցին իրենց գոլային պահերը։

Առաջին կեսում, միանշանակ, պետք է առանձնացնել երկու թիմերի պաշտպաններին, որոնք ամեն անգամ հիանալի էին գործում։

Խաղակեսի միջնամասում խաղը հանդարտվեց, սակայն, ամեն դեպքում, 42-րդ րոպեին լոնդոնյան ակումբը բացեց խաղի հաշիվը․ Մեյսոն Մաունթի կատարած հիանալի փոխանցումից հետո Կայ Հավերցը մեն-մենակ մնաց «Սիթիի» դարպասապահ Էդերսոնի դիմաց, շրջանցեց վերջինիսիս և առաջ մղեց «ազնվականներին», իսկ կողմերն ընդմիջման գնացին 1։0 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսը մեկնարկեց ավելի հանգիստ պայքարում, սակայն «քաղաքաբնակները» հասկանում էին, որ այլևս կորցնելու բան չունեն և փորձում էին բեկել հանդիպման ընթացքը, բայց մանկունյական ակումբի համար ամեն ինչ թարս էր ընթանում, քանի որ 60-րոպեին Անտոնիո Ռյուդիգերի հետ բախման արդյունքում Կևին դե Բրոյնեն վնասվածք ստացավ և փոխարինվեց։

Կարելի է ասել, որ մինչև այդ պահը երկորդ կեսում որևէ գոլային պահ չունեին․ «Սիթիի» ֆուտբոլիստներն ունեին տարածքային առավելություն, իսկ լոնդոնցիները պաշտպանվում էին շատ գրագետ։

Մանկունյական ակումբի ճնշումը մեծանում էր, սակայն 73-րդ րոպեին հենց Թոմաս Տուխելի սաներն ստեղծեցին իրական գոլային պահ․ Կայ Հավերցը հարվածային դիրք դուրս բերեց Քրիստիան Պուլիշիչին, սակայն ամերիկացի վինգերն անհասկանալիորեն վրիպեց։

Պեպ Գվարդիոլան փորձեց փոփոխությունների միջոցով ինչ-որ վերադասավորումներ կատարել իր թիմի խաղում, սակայն «Սիթին» այս խաղում բացարձակ իրեն նման չէր, ինչից էլ օգտվեցին լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստները, ովքեր խաղը այն մոտեցներին իր տրամաբանական ու հաղթական ավարտին։

Այսպիսով, «Չելսին» հաղթեց 1։0 հաշվով և ակումբի պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023