Չախալյան. «Ֆուտբոլը դաժան է. մեկ սխալը բերում է այսպիսի արդյունքի»
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի 5-րդ տուրում 0:1 հաշվով անսպասելի պարտություն կրեց Ֆարերյան կղզիներին։
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանը կայացած մամուլի ասուլիսում խոսել է կրած պարտության մասին.
«Երկու խաղակեսում էլ մեր թիմն ուներ առավելություն, ստեղծեց գոլային պահեր։ Պարզապես, գոլային պահերը չկարողացանք վերածել դարպասի գրավման։ Սա էր պարտության գլխավոր պատճառը։
Ցավոք, ֆուտբոլում նաև վիճակագրությունն է երկրորդական դարձել։ Առավելություն ունենալով` կարող ես պարտվել։ Ֆուտբոլը դաժան է. մեկ սխալը բերում է այսպիսի արդյունքի։
Բոլորը տեսան, որ խաղային համակարգը փոխվել էր։ Վահան Բիչախչյանը կիսաեզրի դիրքում ավելի լավ է հանդես գալիս, քան եզրում։ Ես այդ հարցում զրուցել եմ նրա հետ։ Եթե նկատեցիք, մենք առաջին կեսում դիրքային փոփոխություն կատարեցինք, քանի որ այն առաջադրանքը, որն ստացել էին Միրանյանն ու Սևիկյանն աջ եզրում, ցավոք, չկարողացան կատարել։ Երկրորդ կեսում երկու նոր ֆուտբոլիստ դաշտ դուրս եկան, Վահանի դիրքը փոխվեց, իսկ Լուկաս Սելարայանն սկսեց մի փոքր խորքից խաղալ, և խաղն ավելի արագացավ»,- Չախալյանի խոսքը մեջբերում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ազգերի լիգա, Հայաստանի-հավաքական, Սուրեն Չախալյան, Ֆարերյան Կղզիների հավաքական