Ուելսն անհավանական հաշվով ջախջախել է Հյ. Մակեդոնիային` դուրս գալով ԱԱ-2026-ի անցումային փլեյ-օֆֆ 🎥
Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի J խմբի վերջին` 8-րդ տուրում Ուելսի ազգային հավաքականը սեփական դաշտում 7:1 հաշվով ջախջախել է Հյուսիսային Մակեդոնիայի թիմին։
«Վիշապներից» հեթ-տրիկ է գրանցել Հարի Վիլսոնը, մեկական գոլ են խփել Դևիդ Բրուքսը, Բրենան Ջոնսոնը, Դենիել Ջեյմսը և Նեյթան Բրոդհեդը։
Հյուրերի հեղինակության գոլը խփել է Բոյան Միովսկին։
Transfermarkt-ի տվյալներով` Ուելսը պաշտոնական խաղերում տարել է իր պատմության մեջ երկրորդ ամենախոշոր հաշվով հաղթանակը։
Բրիտանացիները պաշտոնական խաղորում ամենախոշոր հաշվով հաղթանակը տարել են 1978թ. հոկտեմբերի 25-ին` Եվրո-1980-ի որակավորման փուլի Մալթայի դեմ խաղում (7:0)։
Առհասարակ, Ուելսն իր պատկության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը տարել է 1888թ. մարտի 3-ին` ընկերական խաղում 11:0 հաշվով պարտության մատնելով Իռլանդիային։
Հյուսիսային Մակեդոնիան էլ կրել է իր պատմության մեջ երկրորդ ամենախոշոր հաշվով պարտությունը։ Հակառեկորդը եղել է 0:7 հաշիվն Անգլիայի հավաքականի դեմ 2023թ. հունիսի 19-ին Եվրո-2024-ի որակավորման փուլում կայացած խաղում։
Քրեյգ Բելամիի գլխավորած թիմը 16 միավորով J խմբում զբաղեցրել է երկրորդ տեղը և պայքարը կշարունակի անցումային փլեյ-օֆֆ-ում։
Հյուսիսային Մակեդոնիան 13 միավորով զբաղեցրեց երրորդ տեղը, սակայն նույնպես կխաղա անցումային փլեյ-օֆֆ-ում։
Բլագոյա Միլևսկիի գլխավորած թիմը դարձավ Ազգերի լիգայի` իր ենթախումբը հաղթած, բայց աշխարհի առաջնության ուղեգիր չնվաճած լավագույն չորս հավաքականներից մեկը։
Նշենք, որ Ուելսը նույնպես, անկախ ամեն ինչից, նվաճելու էր անցումային փլեյ-օֆֆ-ի ուղեգիր նույն պատճառով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml