Որտե՞ղ էր Յուրգեն Կլոպը, երբ Լիվերպուլը 1990 թ․ նվաճում էր չեմպիոնի տիտղոսը
Հունիսի 25-ին «Լիվերպուլը» 30 տարվա դադարից հետո առաջին անգամ նվաճեց Անգլիայի չեմպիոնի տիտղոսը։ Այդ ժամանակ դեռևս Պրեմիեր լիգան չէր ստեղծվել և այս չեմպիոնությունը մերսիսայդյան ակումի համար աշխարհի ամենահարուստ առաջնությունում դարձավ առաջինը։
Երբ 1990 թվականին «Լիերպուլը» լեգենդար Քենի Դալգլիշի գլխավորությամբ նվաճում էր Անգլիայի առաջին դիվիզիոնի չեմպիոնությունը, երիտասարդ Յուրգեն Կլոպը Գերմանիայում հանդես էր գալիս Ֆրանկֆուրտը ներկայացնող «Ռոթ Վայս» ակումբի կազմում։
Այդ տարի Յուրգեն Կլոպը «Ռոթ Վայսի» հետ հաղթեց Գերմանիայի երրորդ լիգայի առաջնությունը, որն այդ ժամանակ համարվում էր երկրի ուժեղագույն սիրողական առաջնությունը։
Ըստ Երրորդ Բունդեսլիգայի կանոնակարգի՝ «Ռոթ Վայսը» Երկրորդ Բունդեսլիգա դուրս գալու համար պետք է մրցեր երեք այլ ակումբների հետ, որոնց հետ հայտնվել էր նույն խմբում։ Պայքարը պետք է շարունակեին երկու լավագույն ակումբները, սակայն Յուրգեն Կլոպի ակումբը զբաղեցրեց վերջին տեղը և չկարողացավ նվաճել Երկրորդ Բունդեսլիգայի ուղեգիր։ «Ռոթ Վայսը» դրանից հետո երբեք այդքան մոտ չի եղել Երկրորդ Բունդեսլիգա բարձրանալուն։
Այնպես ստացվեց, որ «Ռոթ Վայսը» «Մայնցի» հետ հայտնվել էր մի խմբում, որը կարողացավ նվաճել Երկրորդ Բունդեսլիգայի ուղեգիր։ «Մայնցի» սկաուտները նկատել էին աջ եզրային պաշտպանի դիրքում հանդես եկող 22-ամյա Յուրգեն Կլոպին՝ նրան առաջրակելով առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը, որից Կլոպը չհրաժարվեց։
Կլոպը «Մայնցում» հանդես եկավ ոչ ավել, ոչ պակաս 11 տարի։ Ճիշտ է՝ Յուրգեն Կլոպը «Մայնցի» հետ որևէ տիտղոս չնվաճեց, սակայն Երկրորդ Բունդեսլիգայի համար ռեկորդային քանակի հանդիպումներ անցկացրեց՝ 325 խաղ։ Այդ խաղերում Կլոպը դարձել է 56 գոլի հեղինակ։
Յուրգեն Կլոպը 2001 թվականի փետրվարի 28-ին դարձավ «Մայնցի» գլխավոր մարզիչ, իսկ 2004 թվականի օգոստոսի 8-ին արդեն իր ակումբի ղեկին առաջին հանդիպումն անցկացրեց գլխավոր Բունդեսլիգայում։
Արդեն գրեթե 20 տարվա մարզչական փորձ ունեցող Յուրգեն Կլոպն իր մարզաչական ողջ կարիերայի ընթացքում մարզել է ընդամենը երեք ակումբ, սակայն հասցրել է նվաճել գրեթե բոլոր հնարավոր և անհնար տիտղոսները։ Գրեթե անհնար է պատկերացնել, որ սիրողական «Ռոթ Վայս» ակումբից ինչ-որ անհայտ եզրային պաշտպան մի օր կդառնա «Լիվերպուլի» գլխավոր մարզիչը ու ակումբին 30 տարի անց կրկին ցնծություն կպարգևի։ Սրա համար միանշանակ արժեր 30 տարի սպասել։
Սիրե՛ք ֆուտբոլն, ապրե՛ք ֆուտբոլով
Միքայել Մելիքբեկյան
# Լիվերպուլ, Մայնց, Յուրգեն-Կլոպ, Ռոթ Վայս