Հոլշտայն Քիլի արկածները շարունակվում են․ 11-մետրանոցները կրկին օգնում են ակումբին🎥
Գերմանիայի գավաթի 2020/21 խաղարկության շրջանակում մեկնարկել են 1/8 եզրափակիչները։
1/8 եզրափակիչ առաջին հանդիպումը կայացավ Քիլի «Հոլշտայն-Ստադիոն» մարզադաշտում միմյանց դեմ մրցեցին Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Հոլշտայն Քիլն» ու «Դարմշտադտ 98»-ը։
Հանդիպումը մեծամասամբ անցավ հավասար ու ոչ այնքան հետաքրքիր պայքարում։
Կողմերը ողջ հանդիպման ընթացքում կատարել են ընդամենը երկու դիպուկ հարված, որոնք էլ ավարտվեցին դարպասի գրավումով։
Հանդիպման 58-րդ րոպեին «Հոլշտայն Քիլին» հաշվի մեջ առաջ մղեց Յանի-Լուկա Սերայի խփած գնդակը, իսկ 86-րդ րոպեին լուսատախտակին 1։1 հաշիվը վառեց հյուրերի հարձակվող Սերդար Դուրսունը։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1։1 հաշվով, իսկ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որը հիմնականում անցավ հանգիստ պայքարում, և դարպասի գրավումներ չարձանագրվեցին։
Կողմերը հաղթողին որոշելու համար իրացրին 11-մետրանոց հարվածներ, որի շրջանակում ավելի դիպուկ գտնվեցին «Հոլշտայն Քիլի» տղաները։ Օլե Վերների սաները դրամատիկ պայքարու հաղթեցին 7։6 հաշվով։
Այսպիսով, «Հոլշտայն Քիլը» պայքարը կշարունակի մրցաշարի 1/4 եզրափակչում։
Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ այս ակումբ գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի շրջանակում պայքարից դուրս թողեց նաև «Բավարիային»՝ մրցակցին հաղթելով 11-մետրանոց հարվածաշարի օգնությամբ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# DFB-Pokal, Գերմանիայի գավաթ, Դարմշտադտ, Հոլշտայն Քիլ, Յանի-Լուկա Սերա, Սերդար Դուրսուն, Օլե Վերներ