«Շտուտգրատն» անհավանական թրիլերային պայքարում դուրս է եկել Գերմանիայի գավաթի 1/16 եզրափակիչ 🎥
Գերմանիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Շտուտգարտը» հյուրընկալվելիս հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել է Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող Բրաունշվայգի «Այնտրախտին»
Հանդիպումը ֆանտաստիկ սցենարով է անցել։ Հիմնական ժամանակում կողմերը երեքական գոլ են փոխանակել։
8-րդ րոպեին «Այնտրախտը» Սվեն Կոլերի ջանքերով բացել է հաշիվը։ «Շտուտգարտից» 11-րդ ու 60-րդ րոպեներին աչքի է ընկել Էրմեդին Դեմիրովչը, որը դուբլ է գրանցել ու առաջ մղեց արդեն «շվաբներին»։
Տանտերերը, սակայն, 77-րդ ու 85-րդ րոպեներին Ֆաբիո Դի Միչելե Սանչեսի գոլերի շնորհիվ հավասարեցրել ու կրկին առաջ անցել հաշվի մեջ։
Թվում էր, թե «Այնտրախտը» սենսացիոն հաղթանակ է տանելու, բայց 89-րդ րոպեին Նիկ Վոլթեմադեն լուսատախտակին վառել է 3:3 հաշիվը` խաղը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։
92-րդ րոպեին Սանուսի Բայի ինքնագոլից հետո «Շտուտգարտը» հաղթում էր 4:3, բայց «Այնտրախտի» հարձակվող Քրիստիան Կոնտեն 104-րդ րոպեին խփել է հանդիպման վերջին գոլը` 4:4
11-մետրանոցներն է՛լ ավելի թրիլերային պայքարում են անցել։ Կողմերը 20 հարված են կատարել. «Շտուտգարտը» հաղթել է 8:7 հաշվով։
«Շվաբների» դարպասապահ Ալեքսանդր Նյուբելը հետ է մղել մրցակցի ֆուտբոլիստներ Յոհան Գոմեսի, Մաքս Մարիի ու Լուկաս Ֆրենկերթի հարվածները։ «Շտուտգարտից» նշակետից վրիպել են Դան-Աքսել Զագադուն ու Չեմա Անդրեսը։
Այսպիսով, Գերմանիայի գործող գավաթակիր «Շտուտգարտը» տիտղոսի պաշտպանությունը կշարունակի 1/16 եզրափակիչում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am