Շախտյորը որևէ շանս չուներ․ Մայորալը փայլում է՝ Ռոմային առաջնորդելով դեպի քառորդ եզրափակիչ 🎥
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում Դոնեցկի «Շախտյորը» Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում ընդունեց «Ռոմային»։
Հռոմում կայացած առաջին խաղում «Ռոման» 3 գնդակ էր ուղարկել մրցակցի դարպասը՝ սեփականը պահելով անառիկ և լուրջ հայտ ներկայացնելով ընդհանուր դիմակայությունում հաղթելու համար։
Բնականաբար, «Շախտյորը» փորձելու էր ամեն գնով վերադարձնել կորցրածը և հանդիպման մեկնարկից խաղի ղեկն իր ձեռքում վերցրեց։ Ուկրաինական ակումբի տղաներն առաջին խաղակեսում ունեին հսկայական տարածքային առավելություն (70%), ավելի հաճախ և ավելի վտանգավոր էին գրոհում։ Տանտերերը կատարեցին 4 հարված, որոնցից միայն մեկն էր դիպուկ, սակայն գոլայի չէր, իսկ Հռոմից ժամանած հյուրերն առաջին 45 րոպեների ընթացքում ոչ մի դիպուկ հարված չկատարեցին։
Կողմերն ընդմիջման գնացին նույն հաշվով, որով որ սկսել էին խաղը, իսկ գոլերը նրանք պահել էին երկրորդ խաղակեսի համար։
Երկրորդ կեսի հենց սկզբին «գայլերի» առաջին իսկ վտանգավոր գրոհը գոլով պսակվեց։ Դարպասապահից անդրադարձած գնդակին առաջինը հասավ Բորխա Մայորալը և գլխի դիպուկ հարվածով բացեց հանդիպման հաշիվը, իսկ ընդհանուր դիմակայության հաշիվը դարձրեց 4։0։
Սա հոգեբանորեն չկոտրեց «հանքափորներին», որոնք շարունակում էին համառորեն գրոհել և ցանկանում էին բեկում մտցնել այս խաղում։ Հանդիպման 59-րդ րոպեին նրանց հաջողվեց հավասարեցնել հանդիպման հաշիվը։ Մրցակցի տուգանային հրապարակում հայտնված Ժունիոր Մորաեսը կարողացավ գրավել Պաու Լոպեսի պաշտպանած դարպասը։
Ոգևորված ձեռքբերածով՝ տանտերերը նետվեցի առաջ հաջողությունը զարգացնելու, սակայն նրանց պաշտպանությունում որոշակի բացեր հայտնվեցին, ինչից էլ 72-րդ րոպեին օգտվեցին Պաուլու Ֆոնսեկայի տղաները։ Կտրուկ հակագրոհը կրկին գոլով եզրափակոց Մայորալը՝ իր անվան դիմաց դուբլ գրանցելով, իսկ վճռական փոխանցում նա ստացավ Կառլես Պերեսից։
Անգամ այս գոլը չկոտրեց տանտերերի մարտական ոգին, որոնք ամեն գնով ցանկանում էին հաջողության հասնել, սակայն հաջողությունը նրանց կողմը չէր։ Ինչպես պարզվեց հետագայում, Բորխա Մայորալի՝ 72-րդ րոպեին խփած գոլը վերջինն էր այս դիմակայությունում։
Այսպիսով, «Ռոման» հաղթեց «Շախտյորին» նաև Ուկրաինայում 2։1 հաշվով և երկու խաղերի արդյունքում առավելության հասնելով 5։1 հաշվով՝ ապահովեց իր տեղը Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորխա-Մայորալ, Եվրոպա-լիգա, Ժունիոր Մորաես, Կառլես Պերես, Շախտյոր, Պաուլու Ֆոնսեկա, Ռոմա