Նոթինգհեմ Ֆորեսթը 11-մետրանոցներով հաղթեց Շեֆիլդին` դուրս գալով Չեմպիոնշիփի փլեյ-օֆֆ-ի եզրափակիչ🎥
Անգլիական Չեմպիոնշիփի շրջանակում կայացավ փլեյ-օֆֆ-ի կիսաեզրափակիչի երկրորդ դիմակայության պատասխան հանդիպումը, որի շրջանակում «Նոթինգհեմ Ֆորեսթը» «Սիթի Գրաունդ» մարզադաշտում մրցեց «Շեֆիլդ Յունայթեդի» դեմ։
Նշենք, որ դիմակայության առաջին խաղում «Ֆորեսթը» հաղթել էր 2:1 հաշվով։
Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա այն նույնպես անցնում էր Սթիվ Կուպերի սաների սցենարով, ովքեր 19-րդ րոպեին Բրենան Ջոնսոնի խփած գոլի շնորհիվ հաղթում էին 1:0 հաշվով։
Թվում էր` այդքանից հետո «Շեֆիլդի» ֆուտբոլիստներն ուշքի չեն գա, սակայն երկրորդ կեսում հյուրերը կարողացան բեկել դիմակայության ընթացքն ու ոչ միայն հավասարեցրին, այլև առաջ անցան հաշվի մեջ։
Նախ 47-րդ րոպեին «Շեֆիլդի» պատասխան գոլը խփեց Մորգան Գիբս-Ուայթը, ապա 75-րդ րոպեին Ջոն Ֆլեկն առաջ մղեց արդեն հյուրերին, ինչից հետո ընդհանուր դիմակայության հաշիվը դարձավ 3:3։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց Պոլ Հեքիմգբոթոմի թիմի հաղթանակով` 2:1 հաշվով, ինչի հետևանքով այն տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։
Լրացուցիչ ժամանակն անցավ տանտերերի տարածքային առավելության պայմաններում, սակայն «Նոթինգհեմ Ֆորեսթի» ֆուտբոլիստներին չհաջողվեց հաղթանակ կորզել։
Լրացուցիչ ժամանակը նույնպես ավարտվեց 2:2 հաշվով, իսկ կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին հետխաղյա 11-մետրանոցներ։
«Վիճակախաղի» ժամանակ պարեզապես փայլեց «Նոթինգհեմի» դարպասապահ Բրիս Սամբան, ով հետ մղեց մրցակցի ֆուտբոլիստների երեք հարված` մեծապես նպաստելով իր թիմի հաղթանակին։
Այսպիսով, «Նոթինգհեմ Ֆորեսթը» 11-մետրանոց հարվածաշարում հաղթեց 3:2 հաշվով և դուրս եկավ Չեմպիոնշիփի փլեյ-օֆֆ-ի եզրափակիչ, որի շրջանակում մայիսի 29-ին` Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում` Երևանի ժամանակով 19:30-ից սկսած` կմրցի «Հադերսֆիլդի» դեմ` խաղարկելով Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանի վերջին ուղեգիրը։
Նշենք, որ «Նոթինգհեմ Ֆորեսթը» վերջին անգամ Պրեմիեր լիգային մասնակցել է 1998/99 մրցաշրջանին, ինչից հետո միայն 2009/10 մրցաշրջանում է մոտ եղել ֆուտբոլային էլիտա վերադառնալուն, երբ Չեմպիոնշիփի շրջանակում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը, սակայն փլեյ-օֆֆ-ի կիսաեզրափակիչում ընդհանուր դիմակայությունում պարտվեց «Բլեքփուլին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բրենան Ջոնսոն, Բրիս Սամբա, Հադերսֆլիդ, Մորգան Գիբս-Ուայթ, Նոթինգհեմ Ֆորեսթ, Շեֆիլդ Յունայթեդ, Չեմպիոնշիփ, Պոլ Հեքինբոթոմ, Ջոն Ֆլեկ, Սթիվ Կուպեր