Նիկողոսյան. «Մենք, նույնիսկ, անհնարինն ենք արել, որպեսզի հավաքականը հաջողության հասնի»

Նիկողոսյան. «Մենք, նույնիսկ, անհնարինն ենք արել, որպեսզի հավաքականը հաջողության հասնի»

05/11/2024 - 15:22

ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը եղել է Fast Sports հեռուստաալիքի «Մենք ենք, մեր ֆուտբոլը» հաղորդման հյուրը և տվել ծավալուն հարցազրույց։

Interfootball-ը ներկայացնում է հարցազրույցի խմբագրված տարբերակը։

Հայաստանի հավաքականի վերջին խաղերից հետո օր-օրի ակտիվանում են Ֆեդերացիայի ղեկավարության հրաժարականի պահանջով բողոքները և ակցիաները։ Ի՞նչ դիրքորոշում ունեք այս ամենի հետ կապված։

– Ամբողջությամբ ընդունում եմ բողոքները և ֆան-ակումբների դժգոհության ալիքը։ Բայց չեմ ընդունում կիրառվող ձևաչափը։ Առհասարակ, դեմ եմ վերջին օրերի ընթացքում տեղի ունեցող տրանսֆորմացիային։

Սկզբում միայն երկրպագուներն էին առարկայական քայլեր ձեռնարկում, բայց վերջին օրերին մի քանի ակումբներ պաշտոնապես նույնպես միացել են շարժմանը` «Փյունիկը», «Ուրարտուն» և «Շիրակը»։ Ձեզ չի՞ մտահոգում, որ ակումբները նույնպես միացել են։

– Արդեն նշեցի, որ ընդունում եմ երկրպագուների դժգոհությունը, քանի որ դա նրանց կարծիքն է։ Մենք նույնպես դժգոհ ենք, քանի որ անընդհատ ունենք մեծ մրցաշարի մասնակցելու երազանք, ու երբ դա չի իրականանում, դժգոհությունները բնական են։

Հավաքականը պարտվում է Հյուսիսային Մակեդոնիային (0:2), Ֆեդերացիայի ղեկավարության դեմ դժգոհության ալիք է սկսվում` նախագահի հրաժարականի պահանջով։ Նորմալ գործընթաց է, բայց չեմ ընդունում հայկական ֆուտբոլը վնասելու տարբերակը։

Կրկին հայտնվում են նույն անձինք, որոնք դեմ են ֆուտբոլին։ Նրանք ժամանակին նույնիսկ երանի էին տալիս, որ Թուրքիայի հետ ոչ-ոքի չխաղանք, որովհետև նրանց միտքը հայկական ֆուտբոլի հետ չէ։ Սա ստացվում է աթոռակռիվ է, որը երբևէ չի եղել մեր նպատակը։ Հավատացեք` մեր նպատակը ֆեդերացիայում լինել կամ չլինելը չէ։ Մեր նպատակն օգուտ տալն է, և եթե որևէ մեկը ցանկանում է քննարկել մեր գործունեությունը, մենք պատրաստ ենք։

Հավաքականի ֆան-շարժումները հայտարարություններ արեցին, որոնց միացան «Շիրակի», «Փյունիկի», «Արարատ-Արմենիայի», «Ուրարտուի» երկրպագուները։ Ամբողջ խնդիրն այն է, որ այդ ակումբնեի պահանջը չպետք է լինի Ֆեդերացիայից, այլ հենց ակումբներից։ Շատ կուզեի լսել այդ  երկրպագուների կարծիքն իրենց ակումբների ղեկավարների մասին։ Կուզեի լսել «Շիրակի» երկրպագուների կարծիքը, թե ինչպես տարիներ առաջ ակումբի ղեկավարն ամբողջ թիմով, մարզիչներով վերցրեց գնացին ուրիշ թիմ, իսկ «Շիրակն» սկսեց հանդես գալ Առաջին խմբում։ Այդ ակումբներից պահանջ չկա՞։

«Փյունիկը» դժգոհում է, որ հանդիպումները կեսօրվա ժամերի են նշանակվում։ Նշանակում ենք երեկոյան, զանգահարում են և խնդրում են ավելի վաղ նշանակել խաղը։ Պարզաբանում ենք պահանջում, նշում են, որ չեն ցանկանում լույսի գումար վճարել։ Բնականաբար, մերժում ստանալուց հետո երկրպագուները հաջորդ շաբաթ դժգոհում են, թե ինչու են մեր հանդիպումները նշանակել կեսօրին։ Նման քննարկումներն անմիտ են, որովհետև, առաջին հերթին, դրանց պատասխանատուն ակումբներն են, ոչ թե ֆեդերացիան։ Ակումբները չունեն այն պայմանները, որ իրենց ուզած ժամերին խաղան։

Դուք ձեր խոսքի մեջ նշեցիք «աթոռակռիվ» բառը։ Ակումբների կողից տեսնո՞ւմ եք հետին միտք այդ «աթոռակռվին» կրկին գնալու վերաբերյալ։

– Հայտարարություն արել են երեք թիմ, որոնք գրեթե միշտ դեմ են եղել Ֆեդերացիային, որոնք նախորդ ընտրությունների ժամանակ էլ դեմ են քվեարկել նախագահ Արմեն Մելիքբեկյանին։ «Ուրարտուի» դեպքը նորմալ եմ համարում, քանի որ ակումբն առաջ քաշեց նաև իր թեկնածուին։ Բնականաբար, ակումբը պետք է փորձի պաշտպանել իր թեկնածուին։

«Փյունիկը» հայտնվել է ծանր իրավիճակում, քանի որ ակումբի ղեկավարի ստերի շարանն այնքան է ավելացել, որ, միգուցե, դրան ավելացել է նաև ՈՒԵՖԱ-ի մակարդակով նրանց ֆուտբոլից հեռացնելու հարցը։ Դա կապված է սեփական սաներին դավաճան անվանելու հետ։ Այդ ամենը բարոյականության ամենացածր մակարդակն է։ Այդ ակումբի ղեկավարը տարատեսակ սուտ բաներ էր ասում Ֆեդերացիայի հասցեին, փնովում էր, շանտաժի էր ենթարկում նախագահին, բայց մենք դա հանգիստ տանում էինք, քանի որ այդ ամենը ցույց է տալիս տվյալ մարդու մակարդակը։

Ֆեդերացիայի Կարգապահական կոմիտեն վարույթ է սկսել։ Ինքս ՈՒԵՖԱ-ի Ազգային ասոցիացիաների անդամ եմ և այս հարցը բարձրացնելու եմ, որովհետև նման մարդը պետք է հրապարակային ներողություն խնդրի այդ երեխաներից ու նրանց ծնողներից։ Ոչ մի ստահակ իրավունք չունի այդ երեխաներին դավաճան անվանելու։ Փնովեք որքան ուզում եք Ֆեդերացիայի ղեկավարներին, բայց անչափահաս երեխաներին մի վիրավորեք, առավել ևս` մի պիտակավորեք։  «Փյունիկը» շատ լավ գիտի այս գործընթացների մասին, և ակումբը փորձում է օգտագործել իր վերջին շանսը։

Ինչ վերաբերում է «Շիրակին», հավանաբար, ակումբի նախագահը երազանք ունի` հասնելու ֆեդերացիայի նախագահի պաշտոնին։ Նա բոլոր ֆեդերացիայի նախագահների հետ եղել է նույն հարաբերություններում։ Բոլորը վատն են։

Երբ Արմեն Մելիքբեկյանը պետք է ընտրվեր ՀՖՖ նախագահ, «Ուրարտուն» նրա թեկնածությունը պաշտպանող ակումբներից մեկն էր։ Ի՞նչ պատահեց, որ այս ժամանակահատվածում «Ուրարտուն» մյուս ճակատ է անցել։

– Ես այդ հարցի պատասխանն ունեմ, բայց չեմ պատասխանի դրան։ Հարցն ուղղեք «Ուրարտուի» ղեկավարությանը։ Որքան էլ նրանք դեմ են մեզ, ես հարգանքով եմ վերաբերվում այդ ակումբին։ «Ուրարտուն», որպես ակումբ, կայանալու ճանապարհին է։ Ամենակարևորն այն է, որ նրանք ներդրում են անում հայկական ֆուտբոլում։ Փորձում են հանդես գալ բոլոր օղակներով. կառուցում են մարզադաշտ, լուսավորություն են տեղադրում։

Շատ քիչ ակումբներ կան, որոնք Ֆեդերացիայի հետ խնդիր չունեն, օրինակ, «Բորուսիա Դորտմունդը» գրում է` «Ուեֆա-Մաֆիա»։ Խնդիրներ ունեն, նույնիսկ, «Ռեալը» և «Բարսելոնան»։ Ցանկացած մեծ ակումբ փորձում է իր թիմի համար առավելություն ստանալ Ֆեդերացիայից։ Երբ այդ ամենը չի ստացվում, տվյալ ակումբը դառնում է թունդ ընդդիմադիր։ Հավատացեք` գիտեմ` ինչ եմ ասում, և նշածս թիմերը փորձել են առավելություն ստանալ Ֆեդերացիայից, փորձել են դրա շնորհիվ ղեկավարել Ֆեդերացիան, քանի որ որոշակի շրջանում սատարել են ներկա ղեկավարությանը։ Չստանալով առավելություն` նրանք ընդդիմադիր են դարձել։ Մենք գոհ ենք, որ բոլորն են դժգոհ մեզնից, հատկապես, առավելություն չտալու հարցում։ Նշանակում է Ֆեդերացիան հավասարաչափ արդար է բոլորի հանդեպ։

Եթե այս ակցիային միանան ևս մի քանի ակումբներ, Ֆեդերացիայի դիրքորոշումն այս հարցում կփոխվի՞, թե՞ ոչ։

– Թվեր չեմ նշի, քանի որ, նույնիսկ, մեկ երկրպագուի կարծիքը շատ կարևոր է։ Այնպես չէ, որ մենք կապ չենք պահում մարդկանց հետ կամ չենք հասկանում` ինչ է կատարվում, որովհետև յուրաքանչյուր պարտություն ինձ համար անձնական ողբերգություն է եղել։ Դա բոլորը գիտեն։ Գիտեն նաև նրանք, որոնք դաշտ են մտնում ու ընդհատում են խաղերը, բայց մենք պետք է հասկանանք` ի՞նչ ունենք և ի՞նչ կարող էինք անել, որ չենք արել։ Արդյո՞ք Ֆուտբոլի ֆեդերացիան, գոնե, փորձել է անել ամեն ինչ, որպեսզի մենք չհասնենք այս վիճակին։

Ես միշտ մեկ բանի մասին եմ մտածում։ Եթե մենք չպարտվեինք Հյուսիսային Մակեդոնիային, այս բողոքի ակցիաները չէի՞ն սկսելու, նշանակում է` Ֆեդերացիան լա՞վ է աշխատում։ Արդյո՞ք Ֆեդերացիայի աշխատանքի արդյունքն այդ խաղն էր։

Իհարկե, մեծ երազանք է, որ մեր թիմերը մասնակցեն եվրոպական որևէ մեծ մրցաշարի։ Ամբողջ հարցն այն է, որ այնպես չէ ամեն տարի մասնակցել ենք և միայն այս տարի ենք ձախողել։ Բայց մեր նպատակներն ավելի հեռուն գնացող են եղել։ Ինձ համար ավելի մեծ ողբերգություն էր, երբ Մ-17 տարեկանների հավաքականը 0:8 հավով պարտվեց, և դա եղավ այն նույն իրողության կոնտեքստում, երբ այդ տղաները պիտակավորվել էին «Փյունիկի» սեփականատիրոջ կողմից։ Մյուս օրն այդ տղաներն արդեն չէին ցանկանում խաղալ։ Այդ երեխաները «Փյունիկից» «Նոա» տեղափոխվել են հուլիսին և ստացել են բավական մեծ քանակի գումար, քանի որ Ֆեդերացիան ավելացրել է մեկ թիմից այլ թիմ տեղափոխվելու փոխհատուցման չափը, որն, ի դեպ, արել ենք հենց «Փյունիկի» առաջարկով։ Տրանսֆերները հաստատվել են սեպտեմբերին և, հանկարծ, հոկտեմբերին` այդ խաղից առաջ, երբ այդ երեխաները Մ-17 հավաքականի կազմում պետք է դաշտ դուրս գային, լինում է այդ հայտարարությունը, և նրանք շատ դժվար են պատրաստվում այդ խաղին։ Ամենավատն այն է եղել, որ մարզչական շտաբը ստիպված է եղել նրանցից հավաքել հեռախոսները, որպեսզի ինֆորմացիա չստանան։

Եթե հետ հայացք գցենք 3-4 տարի, և նայենք Մ-17, Մ-19 ու Մ-21 տարեկանների հավաքականների արդյունքները, ապա, հավանաբար, 90 տոկոսից ավելին պարտություններ են, հատուկենտ հաղթանակներ։ Ֆարերյան կղզիների օրինակ կարող եք խոսել, որ ազգային հավաքականը չհաղթեց ու բողոքի ալիքն այդ ժամանակ մեծացավ, այնինչ նրանց պատանեկան ու երիտասարդական հավաքականները նույնպես մեզ ցավեցրել էին։ Միգուցե մենք ավելի մեծ սպասումներ ունե՞նք հավաքականից, քան` պետք է ունենանք։

– Համամիտ եմ և խոսենք այն մասին` ինչո՞ւ չենք հաղթում։ Ես մի քանի պատճառ կարող եմ բերել։ Մի ծանոթ ունեմ, որը գինեգործությամբ է զբաղվում, և նա ինձ մի շատ հետաքրքիր օրինակ բերեց։ Նա ասաց, որ երբ նոր էր սկսել գինու արտադրութւունը, մեծ ներդրումներ է կատարել, բերել է լավագույն սարքավորումները, սկսել է գինի արտադրել, որը, սակայն, մրցունակ չի եղել, քանի որ վատն է եղել այն։ Երբ արտասահմանից մասնագետ էր եկել գինին փորձելու, ասել է. «Դուք խաղող չունեք, գինի ինչպե՞ս պետք է ստանաք»։ Ընկերս նրան պատասխանել է. «Ինչպե՞ս խաղող չունենք, նույնիկս, Նոյ նախապապն է դա հաստատել»։ Բայց այդ մասնագետն ասել է. «Դուք հումք չունեք»։ Մենք չունենք սերմ, չունենք խաղող, որից պետք է ստանանք գինի։ Հայաստանում խաղացող ֆուտբոլիստները 30 տարի որտե՞ղ են խաղում, աճում և մարզվում, Ֆեդերացիայի աշխատակիցների տներո՞ւմ։

Ունենք բազմաթիվ սոցիալական խնդիրներ։ Կա ՈՒԵՖԱ-ի հատուկ հետազոտություն, որն ուսումնասիրում է անդամբ բոլոր երկրների դեմոգրաֆիկ, լոգիստիկ, տարատեսակ այլ տվյալներ։ Համաձայն այդ հետազոտության` Հայաստանի ֆուտբոլային հանրությունը միշտ վերջին տեղերում է։ Օրինակ, մեր միջին վիճակագրական 17 տարեկան ֆուտբոլիստն իր ֆիզիոլոգիական ու հոգեբանական տվյալներով եվրոպացի իր հասակակիցներին զիջում է միջինում 2-3 տարով։

Ամեն դեպքում, փորձենք հստակ պատասխան ունենալ։ Եթե ևս մի քանի ակումբներ միանան այս ակցիաներին ու, օրինակ, որոշեն դուրս գալ Fastex Պրեմիեր լիգայից։ Նմանատիպ հայտարարություններ արդեն եղել են։ Այդ ամենը ինչ-որ կերպ կփոխի՞  Ֆեդերացիայի դիրքորոշումը, թե՞ ոչ։

– Ցանկացած պահի կարող է փոխվել, քանի որ մենք կառչած չենք այս աթոռներից։ Ընդհանրապես, Ֆեդերացիայի նախագահի պաշտոնը ցմահ չէ։ Մենք այստեղ չենք եկել հավերժ մնալու համար։ Ես միշտ համարել եմ, որ մենք անցողիկ փուլ ենք։ Կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել, թե նախկինում ինչպես էր, հիմա` ինչպես է։ Սա անցողիկ ժամանակաշրջան է, որից հետո մարդիկ կսկսեն զրոյից, այլ ոչ թե մինուս հարյուրից։

Ինչ վերաբերում է ակումբներին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 31 անդամ ունի, որից 10-ն են Բարձրագույն խմբում։ ԲԿՄԱ-ին չեմ հաշվում, քանի որ այն լրիվ այլ ծրագիր է։ Մնացած թիմերը մանկապատանեկան են, կանանց ֆուտբոլում են, ֆուտզալում, սիրողական առաջնությունում։ Բոլորը ֆեդերացիայի անդամ են, և վերոնշյալ երեք ակումբերն ուղղակի չեն կարող կառավարել Ֆուտբոլի ֆեդերացիան։ Ինչպես ամբողջ աշխարհն է ասում` «Բարսելոնան», «Ռեալը» և «Յուվենտուսը», որոնք ուզում են Սուպերլիգա ստեղծել, չեն կարող ղեկավարել եվրոպական ֆուտբոլը։ Իհարկե, մեծ ակումբները փորձում են կառավարել։ Ֆեդերացիայի գործունեության իմաստն է նաև ցույց տալ, որ ինքը չէ ֆուտբոլի միակ շահառուն։ Ֆուտբոլում շահառու է նաև, օրինակ, «Անդրանիկ» ակումբը, որը մեծ գործ է անում Վարդենիսում։

Մեղադրանքներ են հնչում, որ Արմեն Մելիքբեկյանը չստեղծեց պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգա։ Ասեմ, որ վաղուց դրա բոլոր փաստաթղթերը Ֆեդերացիան կազմել է և փոխանցել Բարձրագույն առաջնության բոլոր ակումբներին, որոնք չեն կարողացել ընդամենը մեկ հարցի շուրջ ընդհանուր հայտարարի գալ։ Բոլորն ունեն ամբիցիաներ և չեն կարողացել պարզել, թե ո՞վ պետք է կառավարի այդ լիգան։ Բոլորը ցանկանում են, որ իրենք պետք է կառավարեն և հրամայեն։ Լիգան չի ստեղծվում այդ ամբիցիաների պատճառով, իսկ Ֆեդերացիան ի՞նչ անի այդ դեպքում։ Ֆեդերացիան ստիպված հսկայական ծախսեր է անում` առաջնությունն անցկացնելու համար։

«Հայկական առաջին ճակատի» (FAF) անդամները Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղից հետո ցանկանում էին հանդիպել Արմեն Մելիքբեկյանի հետ։ Առաջիկայում նախատեսվո՞ւմ է հանդիպում։

– Մենք տեղյանք ենք այդ պահանջից։ Ես, իհարկե, չեմ հրապարակի այն ինչ կատարվում էր հանդերձարանում այդ խաղից հետո։ Արդյունքից հիասթափություն կար բոլորի մոտ` թե՛ ֆուտբոլիստների, թե՛ ղեկավարների, թե՛ երկրպագուբերի։ FAF-ն ազնիվ չվարվեց մեզ հետ։ Նրանք, տեսնելով, որ մենք այդտեղ ենք, կարող էր մեզ հանդիպել մարզադաշտում, բայց գնացին Ֆեդերացիայի գրասենյակի մոտ` ցույց տալու համար, որ իրենք են հայկական ֆուտբոլի միակ շահառուն։ Ամենայն հարգանքով եմ մոտենում FAF-ին, բայց, կրկնում եմ` գործելաոճը սխալ եմ համարում։ «Միտինգով» հարցեր չեն լուծվում։ Հայաստանի առաջնության խաղերը դադարեցնելը ոչ թե մեզ են վնաս, այլ հայկական ֆուտբոլին, քանի որ այն իմիջային խնդիրը փորձում են այդկերպ լուծել, չի լուծվելու այդ ճանապարհով։ Մենք հայտարարություն ենք տարածել, որ պատրաստ ենք ցանկացած քննարկման։ Պատրաստ ենք ցանկացած պահի հրաժարական տալ, բայց քննարկման արդյունքում, ոչ թե վերջնաժամկետներով։ Մենք վերջնաժամկետով չենք եկել, որ այդ ճանապարհով էլ հեռանանք։

Այսինքն, եթե բողոքների համատեքստում չլինի, որ Ֆեդերացիան պետք է հրաժարական տա, այլ հայտարարվի`  եկեք նստենք սեղանի շուրջ, դուք կգնա՞ք հանդիպման։

– Մենք դա հայտարարել ենք։ Այսօր էլ կգնանք։

Հայաստանի հավաքականը կրկին մնացել է առանց գլխավոր մարզչի։ Ալեքսանդր Պետրակովի հրաժեշտը մի փոքր կոշտ չէ՞ր։ Խոսքը մեթոդի և ձևաչափի մասին է, թե ինչպես հեռացավ ուկրաինացի մասնագետը։

– Համաձայն եմ։ Բոլորս տաքացած էինք։ Պարտությունը մեզ բերում է անքուն գիշերներ։ Բայց այդպիսի փորձ արդեն ունեցել էինք։ Կհիշեք, երբ Խոակին Կապառոսը երեք անընդմեջ հաղթանակ տարավ, 9 խաղ անպարտելի էր, բոլորը գոռում էին` «Կապառոս վարչապետ»։ Բավական էր մեկ-երկու պարտություն, Կապառոսին դարձրեցինք հատակի շոր։ Կապառոսի հետ էլ ենք նորմալ բաժանվել։ Նույնիսկ ամենաուժեղ մարզիչները` Գվարդիոլան, Անչելոտին, Մոուրինիոն, չունեն երաշխիք, որ Հայաստանի հավաքականում աշխատանքը կստացվի։ Մարզիչն էլ պետք է ճիշտ ժամանակին հայտնվի ճիշտ տեղում։ Մարզիչների փոփոխությունը բերում է միայն այն կետին, որ դու կարողանաս գտնել այն մարզչին, որը տվյալ պահին կլուծի իր առջև դրված խնդիրը։ Մենք գնահատենք, թե չէ գնահատենք Պետրակովին, նա արդեն ունի իր գնահատականը։ Նրա մասնագիտական կարողությունները չեն փոխում Հայաստանի հավաքականում աշխատելուց հետո։ Նա Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղից առաջ գիտեր, որ հաղթանակի դեպքում մնալու է պաշտոնում։ Նա, միանշանակ, համացանցից չի իմացել, որ հեռացվել է պաշտոնից։ Այդ տեղեկությունները ճիշտ չեն։

Խաղից հետո Ֆեդերացիայի ղեկավար կազմով եղել ենք հանդերձարանում և խոսել ենք Պետրակովի հետ, բացատրել ենք շատ բաներ։ Ասել ենք նրան, որ իր առջև դրված խնդիրը չի լուծել։ Պետրակովը կարող էր մնալ ևս երկու խաղ, բայց Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղից հետո նա տեղյակ է եղել, որ հեռանում է։ Պետրակովի հեռանալուց հետո շարունակում են պաշտոնավարել նրա օգնականները։ Բոլորն այս պահին աշխատում են` ամբողջ մարզչական շտաբը։

Ո՞վ է այժմ հավաքական հրավիրում ֆուտբոլիստներին։

– Հրավիրում է մարզչական շտաբի միջնորդությմաբ Ֆեդերացիայի հավաքականների բաժինը։ Այս անգամ ցուցակն ավելի լայն է լինելու, բայց մարզչական շտաբն է որոշելու, թե այդ ֆուտբոլիստներից, որոնք են խաղալու։

Ինչպե՞ս եք գնահատում Ալեքսանդր Պետրակովի աշխատանքը Հայաստանի հավաքականում։

– Ես ցանկացած մարզչի աշխատանքը գնահատում եմ արդյունքով, միևնույն ժամանակ, այն հիմքով, որը նա թողել է։ Ես շատ բարձր էի գնահատում Կապառոսի աշխատանքը, քանի որ նա իր հետևից ոճ թողեց։ Մենք հասկացանք, որ մարզչական ինտելեկտն ամենակարևոր հատկանիշներից մեկն է։ Պետրակովը մեզ ցույց տվեց, թե ինչ պետք է անենք` հաջորդ անգամ չսխակվելու համար։

Այսինքն, հաջորդ անգամ վստահ կարող ենք լինել, որ, միանշանակ, չենք սխալվելու…

– Մենք կարող ենք տասն անգամ սխալվել ու կարող է դրանից հետո մեկ անգամից ստացվել։ Չկա ոչ մի երաշխիք, որ ինչ-որ մարզիչ գա Հայաստան և եղած բազայով դուրս է գալու աշխարհի առաջնություն։ Այլ բան է, որ մենք բոլորս երազում կամ ձգտում ենք դրան։ Մենք, նույնիսկ, անհնարինն ենք արել, որպեսզի հավաքականը հաջողության հասնի, քանի որ համաշխարհային այս իրողությունների պայմաններում, ինչ-որ կերպ, կարողանում ենք ստեղծել իրենց համար ցանակալի պայմաններ` հաջողության հասնելու համար։ Չի ստացվում։

Նոր գլխավոր մարզչի հետ, բնականաբար, բանակցելու եք շատ հարցերի շուրջ։ Նրա առջև խնդիր դրվելո՞ւ է մտնել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ, թե՞ խնդիրը լինելու է` պայքարել այդ ուղեգրի համար։

– Մենք միշտ ասել ենք` մեր խնդիրն է պայքարել ուղեգրի համար։ Թե ինչ կստացվի, չենք կարող ասել։ Իտալիան չնվաճեց աշխարհի առաջնության ուղեգիր և մարզչին չհեռացրին պաշտոնից։ Մեզ մոտ տպավորություն է, թե ամեն տարի նվաճել ենք մեծ մրցաշարի ուղեգիր, միայն այս անգամ չի ստացվել։ Մենք կրկին անելու ենք հնարավոր ու անհնար ամեն ինչ, որպեսզի հաջողության հասնենք, քանի որ դա իմ կյանքի նպատակն էլ է։

Տիգրան Բարսեղյան, Խորեն Բայրամյան, Սարգիս Ադամյան, Մոնրոյ Արարատ, Տիգրան Ավանեսյան։ Ֆուտբոլիստներ, որոնք Պետրակովի նշանակումից հետո տարբեր պատճառներով սկսեցին չհրավիրվել հավաքական։

– Մեկ ուղղում. Պետրակովի նշանակումցից հետո չէ։ Այս ֆուտբոլիստները նրա նշանակումից հետո խաղացել են հավաքականում։ Այսպես սխալ է ասել, բայց հավաքականի բոլոր տղաների համար նույնիսկ կռիվ կանեմ, կփորձեմ լուծել նրանց հարցերը։ Տիգրան Բարսեղյանի համար, նույնսիկ, կրկնակի և եռակի անգամ ավելի շատ, որովհետև ես նրան սիրում եմ նաև որպես մարդ։ Բարսեղյանին հավաքական չհրավիրելու հարցով ես անձամ խոսակցություն ունեցել եմ Պետրակովի հետ, բայց անթույլատրելի է խառնվել մարզչական ըտնրության մեջ։ Ես չէի կարող Պետրակովից պահանջել հրավիրել Բարսեղյանին։ Տիգրան Բարսեղյանին այս պահին էլ եմ համարում հայկական ֆուտբոլի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, բայց որոշում կայացնում է մարզիչը։

Հաականալի է, որ Բարսեղյանի վերաբերյալ հարցը ֆուտբոլային չէ։ Նոր մարզիչ է գալու։ Ցանկացած 10 մարզչից 9-ը կցանկանա Բարսեղյանի նման մակարդակի ֆուտբոլիստին տեսնել հավաքականում։ Այստեղ հարց է առաջանում` դուք մարզչին ինչ-որ մտքեր տալո՞ւ եք նախկինում եղած ինչի՞ շնորհիվ պետք է նրան հրավիրել։

– Բնականաբար, նույնը եղել է նաև Պետրակովի ու Կապառոսի օրոք։ Մինչև հրավեր ուղարկելը, նա խոսում է բոլորի հետ, փորձում է հասկանալ տվյալ ֆուտբոլիստի մտածելակերպը և իմանալ, թե նա ինչ կարող է տալ հավաքականին։ Կարծում եմ` նոր մարզչական շտաբն էլ կառաջնորդվի այդպես։ Լինելու է բացառապես մարզչական որոշում։ Մենք այդ գործընթացին չենք մասնակցում` որքան էլ դա իմ կամ Մելիքբեկյան Արմենի սրտով չէ։

Ի՞նչ փուլում է նոր գլխավոր մարզչի հարցը և կա՞ կոնկրետ ուղղվածություն, որով փորձելու եք գտնել նոր գլխավոր մարզիչ

– Ամենօրյա բանակցություններ են ընթանում։ Հնարավոր է` առաջիկա շաբաթ արդեն գլխավոր մարզիչ ունենանք, որը հավաքականի պաշտոնը չի ստանձնի Ազգերի լիգայի վերջին երկու խաղերում։ Երկու տարբերակ ենք քնարկում. մարզիչ, որը հաջորդ երկու խաղերում կլինի ժամանակավոր պաշտոնակատար և մարզիչ, որը այդ խաղերից հետո կգլխավորի հավաքականը։ Բանակցում ենք մի քանի մարզիչների հետ։

Բանակցությունները շատ ծանր են, քանի որ Ֆուտբոլի ֆեդերացիան իր ֆինանսական հնարավորություններով հրապարակված թվերին երբեք մոտիկ չի եղել, որոնք իբր վճարում ենք մարզիչներին։ Իհարկե, շատ ուրախ կլինեինք, որ կարողանային նման գումարներ վճարել մարզիչներին։

Եղիշե Մելիքյան, Միշել Տեր-Զաքարյան, Մարգար Աղաջանյան։ Դուք դիտարկե՞լ եք այս տարբերակները հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի համար։

– Մենք այս բոլոր տարբերակները դիտարկել ենք։ Ես և Արմեն Մելիքբեկյանն անձամբ հանդիպել ենք Միշել Տեր-Զաքարյանին, սակայն նա ֆինանսական մեծ պահանջներ ունի, որոնք անհնար է բավարարել։ Մարգար Աղաջանյանի հետ նույնպես հանդիպումներ ունեցել ենք։ Բոլոր այս մարզիչներին էլ դիտարկել ենք, բայց մեր ընտրած մարզիչը չի լինելու հայաստանցի։ Դրա համար կոնկրետ պատճառ չկա, բայց Պետրակովն ու Կապառոսը մեզ որոշակի ուղղվածություն են տվել, թե ինչպիսին պետք է լինի մեր հաջորդ մարզիչը։ Նա պետք է ֆուտբոլային ամբիցիաներ ունենա, պետք է Հայաստանի հավաքականի հետ հաջողության հասնելու նպատակ ունենա, պետք է որոշ չափով երիտասարդ լինի և ամենակարևորն` ունենա ինտելեկտ ու կրթական ցենզ, կարողանա խոսել հանրության առաջ, քանի որ մեր հավաքականի ֆուտբոլիստների մեծ մասը հանդես են գալիս արտերկրում։

Մեզ այժմ այնպիսի մարզիչ է հարկավոր, որը հաղթանակների քաղց ունի։ Հայաստանը պետք է դառնա այն հարթակը, որը նրան թույլ կտա հաջողության հասնել։ Նա նաև անունով պետք է լինի։ Մենք հասկացանք, որ ֆուտբոլային հեղինակությունը շատ կարևոր է հանդերձարանում։ Եղել են ֆուտբոլիստներ, որոնց հետ մենք բանակցել ենք, այդ թվում` Ռաուլի։ Մեկ այլ կարևոր հանգամանք է նաև անգլերենի իմացությունը, քանի որ դա հավաքականի հանդերձարանում միակ լեզուն է, որը բոլոը հասկանում են։

Ռուի Մոտայի (խմբ.` «Նոայի» գլխավոր մարզիչը) հետ չենք բանացել։ Նման բան չկա։ «Նոան» բավական լավ նախագիծ է, և մենք երբևէ մոտիկ էլ չենք եղել այդ մարդուն։ Մենք նպատակ չունենք քանդել «Նոան», քանի որ Ռուի Մոտան այդ ծրագրի առանցքային մարդկանցից է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023