Նեյմարը սխալմամբ շնորհավորել է Բայերին, այլ ոչ թե Բավարիային
Երեկ՝ օգոստոսի 23-ին, Լիսաբոնում կայացավ Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի վերջին՝ եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում «Բավարիան» 1։0 հաշվով հաղթեց ՊՍԺ-ին՝ 6-րդ անգամ նվաճելով բաղձալի գավաթը։
Խաղից հետո փարիզյան ակումբի բրազիլացի հարձակվող Նեյմարը սխալմամբ շնորհավորել է Լևերկուզենի «Բայերին», այլ ոչ թե «Բավարիային։ 28-ամյա հարձակվողը Twitter-ի իր պաշտոնական օգտահաշվում կատարել է հետևյալ գրառումը․
«Պարտությունները սպորտի մի մասին են։ Մենք պայքարում ենք և կռվում մինչև վերջ։ Շնորհակալ եմ բոլորին՝ աջակցության համար։ Շնորհավորում եմ «Բայերին»»,- գրել է Նեյը։
Լևերկուզենը ներկայացնող ակումբի պատասխանը չի ուշացել։ Ակումբը Նեյմարի գրառմանը բավականին զվարճալի կերպով է արձագանքել․
«Շնորհակալություն, Նեյմար, սակայն չենք հասկանում, թե ինչու ես դու մեզ շնորհավորում։ Մենք արձակուրդին միայն FIFA ենք խաղում, սակայն շնորհակալություն»,- գրել է ակումբի մամուլի ծառայությունը։
# Բայեր Լևերկուզեն, Բավարիա, Նեյմար, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ