Յունայթեդը պատրաստվում է ձեռնոց նետել Լիվերպուլին․ «կարմիր սատանաները» հավասարվում են առաջատարին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում հունվարի 1-ին մեկնարկեց 17-րդ տուրը, որի կենտրոնական հանդիպումներից մեկը կայացավ Մանչեսթերի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, որտեղ «Մանչեսթեր Յունայթեդը» մրցեց ընթացիկ մրցաշրջանի բացահայտումներից մեկի՝ «Աստոն Վիլլայի» դեմ։
Կողմերի միջև կայացած առաջին խաղակեսում մանկունյական ակումբն ավելի լավ տեսք ուներ, ինչն էլ նպաստեց, որ 40-րդ րոպեին Արոն վան Բիսակայի փոխանցումից հետո Անտոնի Մարսիալը բացեց խաղի հաշիվը։
Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկից Դին Սմիթի սաները միանգամից սկսեցին ճնշել «Յունայթեդի» ֆուտբոլիստներին։ Արդեն 51-52-րդ րոպեներին բիրմինգհեմցիները երկու իրական գոլային պահ ստեղծեցին, սակայն դրվագներից մեկում Մեթյու Կեշի հարվածը բարձր ստացվեց, իսկ մյուս դրվագում Օլի Վոթքինսի հարվածից հետո Դավիդ դե Խեան հրաշալի սեյվով փրկեց իր թիմին վերահաս գոլից։
«Վիլլայի» ֆուտբոլիստների ճնշումը մեծանում էր, իսկ գոլը դառնում էր անխուսափելի։ 58-րդ րոպեին Ջեք Գրիլիշի փոխանցումը գտավ Բերտրան Տրաորեին, իսկ Բուրկինա Ֆասոյի հավաքականի հարձակվողը հավասարեցրեց հաշիվը։
«Կարմիր սատանաները» բաց թողած գոլից չընկճվեցին և շատ արագ կրկին առաջ անցան հաշվի մեջ։ «Աստոն Վիլլայի» կիսապաշտպան Դուգլաս Լուիսը սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց, ինչից հետո հանդիպման գլխավոր մրցավար Մայքլ Օլիվերը, քննարկելով VAR համակարգի սենյակում աշխատող իր գործընկերների հետ, նշանակեց 11-մետրանոց հարված։ Նշակետին մոտեցավ «Յունայթեդի» հաստիքային 11-մետրանոցներ իրացնող Բրունո Ֆերնանդեշը և չվրիպեց։
Խաղի մնացած ժամանակահատվածում երկու թիմերի ֆուտբոլիստներն էլ կարող էին հաշվի մեջ փոփոխություն մտցնել, սակայն գնդակն այլևս չհայտնվեց կողմերից որևէ մեկի դարպասում, ինչի արդյուքնում «Մանչեսթեր Յունայթեդը» անչափ կարևոր հաղթանակ տարավ։
Այսպիսով, «Յունայթեդը» վաստակեց 33 միավոր, ինչը թույլ տվեց Օլե Գունար Սուլշերի սաներին հավասարվել առաջնության առաջատար «Լիվերպուլին»։ Ընդ որում, մանկունյական ակումբը մեկ հանդիպում էլ պակաս ունի «Լիվերպուլի» նկատմամբ։ «Յունայթեդն» անցկացրել է 16 հանդիպում, իսկ Յուրգեն Կլոպի թիմը 17-րդ տուրի իր հանդիպումն անցկացնելու է հունվարի 4-ին՝ ուշ երեկոյան՝ հյուրընկալվելով «Սաութհեմպտոնին»։ «Մանչեսթեր Յունայթեդն» էլ իր բաց թողած հանդիպումն անցկացնելու է հունվարի 12-ին՝ մրցակցի հարկի տակ մրցելով «Բյորնլիի» դեմ։ «Աստոն Վիլլան» էլ 26 միավորով 6-րդն է։
# Անտոնի Մարսիալ, ԱՊԼ, Աստոն Վիլլա, Բերտրան Տրաորե, Բրունո Ֆերնանդեշ, Լիվերպուլ, Մանչեսթեր-Յունայթեդ, Ջեք Գրիլիշ