Մրցավարները հրաժարվել են շարունակել սպասարկել Սլավիա – Ռակուվ ընկերական հանդիպումը🎥
Հուլիսի 2-ին «Սլավիա Պրահան» (Չեխիա) 2023/24 մրցաշրջանի նախապատրաստական հավաքի շրջանակում ընկերական խաղում 2:1 հաշվով հաղթեց լեհական Էկստրակլասայի գործող չեմպիոն «Ռակուվին»։
Խաղն արտառոց ընթացք ստացավ, քանի որ 11-րդ րոպեից ավստրիացի գլխավոր մրցավար Լինո Հայդուկն ու նրա անձնակազմը հրաժարվեցին շարունակել սպասարկել հանդիպումը։
Բանն այն է, որ ավստրիացի մրցավարի ու «Ռակուվի» կիսապաշտպան Յանիս Պապանիկոլաուի միջև միջադեպ տեղի ունեցավ, ինչից հետո Հայդուկը հույն ֆուտբոլիստին պատժեց կարմիր քարտով։
Այդուհանդերձ, 24-ամյա ֆուտբոլիստը չէր ցանկանում լքել խաղադաշտը։
Ինչպես հայտնում է TVP Sport-ը, «Ռակուվի» մարզչական շտաբը ցանկացել է Պապանիկոլաուին փոխարինել այլ ֆուտբոլիստով, սակայն Հայդուկը չի համաձայնել այդ որոշման հետ, ինչից հետո կողմերի միջև լարված խոսակցությունը շարունակվել է։
Շուտով ավստրիացի մրցավարն իր օգնականների հետ գնացել է հանդերձարան` պատճառաբանելով, որ մտահոգված է իր և գործընկերների անվտանգության համար։
Աղբյուրի փոխանցմամբ` որոշ ժամանակ անց որոշում է կայացվել շարունակել հանդիպումը։
Գլխավոր մրցավար նշանակվեց «Ռակուվի» ղեկավար Կամիլ Վասկովսկին, ով մրցավար աշխատելու փորձ ունեցել է։
Նրա օգնականներ դարձան «Սլավիայի» ֆուտբոլիստներն ու այն ընկերության ներկայացուցիչն, ով կազմակերպել էր հանդիպումը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էկստրակլասա, ընկերական-հանդիպումներ, Լինո Հայդուկ, Կամիլ Վասկովսկի, Յանիս Պապանիկոլաու, Ռակուվ, Սլավիա Պրահա